Հայ-թուրքական հարաբերություններում որեւէ դրական դրսեւորում անմիջապես հիստերիա է առաջացնում Ադրբեջանում: Այդ երկրում խանդով են արձագանքել նաեւ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին արված հրավերին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, առաջին բացասական արձագանքը Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն արել է խորհրդարանի իր պատգամավոր Այդըն Միրզազադեի միջոցով: Վերջինս Facebook-ի իր էջում գրել է. «Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւս հրավիրելու լուրը վրդովեցրել է Թուրքիայի բարեկամներին: Թուրքերի թշնամուն պետական տոնին հրավիրելու պատճառը հասկանալի չէ: Պարզ չէ, թե Հայաստանի ղեկավարին հրավիրելով Էրդողանի երդմնակալությանը' ինչ է ուզում ձեռք բերել Թուրքիան»:

 

Թերթը գրում է, թե ակնհայտ է, որ այդ արձագանքն Այդըն Միրզազադեի սեփական իքնագործունեությունը չէ: «Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների անկախ դիրքրոշում ցուցադրելու փորձ Ադրբեջանում գոյություն չունի: Այդ պատճառով, նրա այդ դիրքորոշումը պետք է հասկանալ որպես իշխանության վերաբերմունք: Ամենայն հավանականությամբ այդ հարցի հետ կապված իշխանական ճամբարից ավելի խիստ հայտարարություններ կհնչեն, ինչը չի կարող ազդեցություն չթողնել Անկարայի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների վրա», -եզրակացնում է թերթը:

 

Հետաքրքիր է, որ չնայած Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար ցանկություն են հայտնել թյուրքական գրեթե բոլոր պետությունների ղեկավարները, Ադրբեջանը որոշել է ներկայանալ պետության երրորդ դեմքի' խորհրդարանի խոսնակի մակարդակով:

 

«Ազադլըգ»-ի հետ զրույցում Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլըն ուշագրավ մեկնաբանություն է տվել եղբայրական պետության' առաջին անգամ ժողովրդի կողմից ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը Իլհամ Ալիեւի նման վերաբերմունքին: Նա զարմանք է հայտնել, որ Թուրքիայի հետ «ռազմավարական հարաբերությունների» մեջ գտնվող Ադրբեջանը նման կարեւոր իրադարձությանը ներկայանում է ոչ առաջին դեմքի մակարդակով:

 

«Դա Թուրքիայի նկատմամբ Ադրբեջանի իշխանության ունեցած իրական վերաբերմունքի դրսեւորումն է: Չնայած երկու երկրների ռազմավարական դաշնակցությանը, ադրբեջանական իշխանությունը մինչ այժմ չի կարողացել յուրացնել այդ մտածողությունը: Երկու ռազմավարական դաշնակիցների միջեւ մինչ այժմ վերացված չէ վիզային ռեժիմը: Միեւնույն ժամանակ երկու երկրների միջեւ չլուծված բազմաթիվ խնդիրներ կան: Ցավալի է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի համար մինչ այժմ եղածից տարբերվող կերպար չկա: Այդ մոտեցումը Բաքուն ցուցադրում է նաեւ երդմնակալության արարողության նկատմամբ ունեցած վերաբերմունքով»,-ասել է Գահրամանլըն:

 

Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի պաշտոնապես հրավիրված լինելու մասին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է «Միասին-2014» ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: