Կանադայի խորհրդարանական պատվիրակությունն օգոստոսի 26-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամների հետ: Ողջունելով հյուրերին՝ խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը նշել է, որ հայ-կանադական հարաբերությունները երկար տարիների պատմություն ո ւնեն եւ բնորոշվում են որպես ջերմ-բարեկամական ու գործընկերային:

 

Հյուրերի խնդրանքով Հովհաննես Սահակյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրություններին եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Նա ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան նախապայմաններ է առաջադրում, որոնք Հայաստանի համար անընդունելի են: Անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ խմբի ղեկավարը կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչը հնարավորություն կտա բացառել նոր ց եղասպանությունների իրականացումը:

 

Բարեկամական խմբի անդամները նշել են, որ 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները սառեցվել են Թուրքիայի ղեկավարության կողմից: Խմբի անդամները, անդրադառնալով Հայաստանի շրջափակմանը, կարծիք են հայտնել, որ 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն: Հովհաննես Սահակյանն անդրադարձել է վերջին շրջանում ԼՂ ու Ադրբեջանի միջեւ շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով զինադադարի ռեժիմի բազմակի խախտումներին և ադրբեջանական զինուժի կողմից սադրիչ-դիվերսիոն գործողությունների աճին:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացին, Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության զարգացման անհրաժեշտությանը, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական խնդիրներին:

 

Նույն օրը Կանադայի խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Կանադացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտել ցուցանմուշները: