Ոստիկանության Հրազդանի բաժին էր դիմել Ծաղկաձորի հանգստյան տներից մեկի տնօրենն ու հայտնել, որ օգոստոսի 3-ին' ժամը 05.30-ի սահմաններում, երեք անհայտ անձինք, հանգստյան տան 2-րդ մասնաշենքի 1-ին հարկի դուռը բացելով, սենյակներից գողացել են պլազմային 5 հեռուստացույց:

 

Ոստիկանության Հրազդանի և Կենտրոնականի բաժինների ծառայողները պարզել էին գողությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը' 1970թ. ծնված Հակոբ Մ.-ն էր: Օգոստոսի 24-ին Հակոբ Մ.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում և բերման ենթարկվել Հրազդանի բաժին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ոմն Հովոյի և Սպոյի հետ միասին:

 

Նույն օրը ոստիկանության Հրազդանի և Մալաթիայի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման են ենթարկվել 1973թ. ծնված Հովհաննես Հ.-ն և 1990թ. ծնված Սպարտակ Մ.-ն: Հակոբ Մ.-ն, Հովհաննես Հ.-ն և Սպարտակ Մ.-ն ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է: