ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները կանխարգելող օրենսդրական երկրորդ փաթեթի մշակումը, որտեղ շեշտադրումը հղիության արհեստական ընդհատման կանոնակարգման վրա կլինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

 

«Փաթեթն այժմ քննարկման փուլում է և, ամենայն հավանականությամբ, կրկին կներակայացվի կառավարությանը: Այս այլընտարանքային տարբերակը նախատեսում է ոչ թե արգելել սեռն ասելը, այլ հղիության արհեստական ընդհատման դաշտում գտնել այն սահմանափակումները և կարգավորող կետերը, որոնք կնվազեցնեն սելեկտիվ աբորտների թիվը: Ինչպես օրինակ' արհեստական ընդհատումը թույլատրել կատարել մինչև որոշակի ժամկետը, ասենք' տասը շաբաթականը, երբ սեռն ասելը շատ դժվար է և գործնականում գերթե անհնարին»,- պարզաբանեց Սարիբեկյանը:

 

ԱՆ աշխատակցի խոսքով' առաջնային խնդիր է այն, որ ՀՀ օրենսդրությունում ամրագրված չէ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը: «Մեր օրենսդրությունը չի էլ թույլատրում սեռով պայմանավորված աբորտը, բայց չի էլ խոսում դրա մասին: Եվ մենք ցանկանում ենք օրենսդրորեն ամրագրել այդ արգելքը»,- ասաց նա:

 

Սելեկտիվ աբորտների դեմ պայքարի արդյունավետ միջոցներից կարող է լինել նաև դրանց քրեականացումը:

 

Օրենսդրական նախաձեռնության առաջին փաթեթը, որով առաջարկվում է պտղի' միչև 30 շաբաթական դառնալը արգելել բժիշկներին ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը, ներկայացվել է կառավարությանը: Սակայն այն միանշանակ չի ընդունվել օրենսդիրների և հասարակության շրջանում: Մասնավորապես կա մտավախություն, որ նման արգելանքի պարագայում բժիշկները կգործեն գաղտնի' ծնող-բժիշկ հարաբերություններում առաջացնելով կոռուպցիոն նոր վտանգ:

 

«Այդ պատճառով շատ լայն քննարկում ացկացրեցինք նախարարությունում հասարակական սեկտորի, միջգերատեսչական կառույցների, Մարդու իրավունքի հանձնաժողովների, Եվրոխորհուրդի և ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում էլ դիտարկվեց այլընտարանքային տարբերակը: Այս հարցը նախարարը քննարկել է նաև ՄԱԿ-ում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակում, մենք ունենք ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կարծիքը»,- ներկայացրեց Սարիբեկյանը:

 

Հայաստանում սեռով պայմանավորված' տարեկան մոտ 1500 արհեստական ընդհատում է կատարվում: Այս միտման շարունակվելու դեպքում մինչև 2060 թվականը չի ծնվի մոտ հարյուր հազար աղջիկ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն' նորածին երեխաների սեռային հարաբերակցության շեղումը տեղի է ունեցել 1991 թվականից սկսած: Մինչև 2000 թվականը այն հասել է մաքսիմումին' 120 տղա/100 աղջիկ հարաբերակցությամբ, մինչդեռ նորմը 102-106/100 հարաբերակցությունն է: Այսօր արդեն ցուցանիշը 114/100 է' նորմայից տասը տոկոս ավելի: 1993 թվականից մինչ օրս ունենք աղջիկ երեխաներից 50 000-ով ահռելի ծնված տղա երեխաներ, ովքեր նոր կմտնեն վերարտադրողական տարիք: Այս տեսանկյունից ամենախոցելին Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերն են, ուր գրանցվել է աշխարհում ամենաբարձր ցուցանիշը' 124: