Քրդական ինքնահռչակ կառավարությունը անուղղակիորեն մասնակցում է եզդիների ցեղասպանությանը: Նման կարծիք սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը, ով «Սինջար եզդիների միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազիի հետ վերջերս է վերադարձել է Թուրքիայում գտնվող եզդի փախստականների ճամբարից:

 

«Առավել հիասթափեցնող է միջազգային հանրության արձագանքը, քանի որ հայտարարվում է, թե եզդիներին օգնություն է ուղարկվում, բայց, խոսելով լեռներում եղած փախստականների հետ, ովքեր այնտեղ սովի և ծարավի պայմաններում էին գտնվում, նշվում էր, որ օգնությունը սարսափելի քիչ էր և ներկայացված տվյալները ուռճացված են», - հայտնեց «Սինջար եզդիների միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին:

 

«Գերմանական կառավարության կողմից 24 միլիոն եվրոյի չափով հումանիտար օգնություն է փոխանցվել Իրաքի եզդիներին, սակայն այդ գումարները փոխանցվել են քրդական ինքնահռչակ կառավարությանը, և դրանից ոչ մի մաս չի հասել եզդի փախստականներին»,- ասաց Սաշիկ Սուլթանյանը: Նա հավելեց, որ ըստ իր տեղեկությունների, Իրաքի այլ վայրեր տեղահանված 300 հազար եզդի փախստականներին իրականում օգնություն են ցուցաբերում հիմնականում մեծահարուստ եզդիները:

 

Խոսելով Իրաքի քրդերի մասին, Սաշիկ Սուլթանյանը նշեց, որ քրդերի զորքը, որը պարտավորված էր պաշտպանել եզդիներին, հետ է քաշվում՝ տարածքները հանձնելով ԻԼԻՊ-ի զորքերին: «Օրինակ՝ քրդական գյուղերից մեկում, երեք հարյուր եզդի տղամարդիկ դեպքերից մի քանի ամիս առաջ իրենց անձնական զենքերով զորագրվել էին քրդական ինքնիշխանությանը: Այնուհետև, քրդերը, հետ քաշելով զորքը եզդիաբնակ տեղանքից, իրենց հետ տարել են եզդիների զենքը», - հավելեց Սաշիկ Սուլթանյանը:

 

Որքան էլ եզդի հանրությունը դժգոհություն է արտահայտում սուղ հումանիտար օգնության մասին, այնուամենայնիվ, մի շարք երկրներ ջանում են օգնություն ցուցաբերել եզդի փախստականներին: Հայաստանի կառավարությունը նույնպես ցանկացավ օգնություն ցուցաբերել ցեղասպանույթուն ապրած եզդի փախստականներին:

 

Այդ առիթով, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿԳՀ) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիթին է հանձնել ՄԱԿ-ի ՄԱԿԳՀ-ի ժնևյան կենտրոնակայանի հաշվեհամարին ՀՀ կառավարության կողմից Իրաքում ծայրահեղականների գործողությունների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու նպատակով 100 հազար ԱՄՆ դոլարի փոխանցման մասին հայտագիրը։