Ամերիկյան Փուրդու համալսարանի հնագետ Իան Լինդսին Հայաստանի բրոնզեդարյան պեղավայրերն ուսումնասիրելու, նոր մանրամասներ և տվյալներ հավաքագրելու համար օգտագործում է անօդաչու թռչող սարք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Imperial Valley News» կայքը, ամերիկացի հնագետը Հարավային Կովկասի տարածաշրջանում պեղումներ է իրականացնում 15 տարի:

 

Անօդաչու թռչող սարքի միջոցով նա 300 մ բարձրությունից նկարահանել է Ծաղկահովիտ գյուղի և Արագած լեռանազանգվածի շրջակա տարածքները: Հայաստանի լեռնային շրջանները տարածական վերլուծության ենթարկելուց բացի' ամերիկացի հնագետը կարողացել է նաև սարքի միջոցով արված լուսանկարներով որոշել մ.թ.ա. 1500 թվականի ուշ բրոնզեդարյան թաղումները:

 

Նրա խոսքով' անօդաչու թռչող սարքերն այսօր դարձել են հնագետների գործիքակազմի մասը, որոնցով արված հնագույն պեղավայրերի տեսավավերագրությունները' հիանալի կերպով փոխարինում են օդապարիկների, փուչիկների կամ վերաբարձ կռունկների միջոցով արված լուսանկարներին:

 

Անօդաչու թռչող սարքերը հնարավորություն են տալիս ավելի մանրամասն պատկեր ստանալ վերևից, ինչը նախկինում հնարավոր չէր: Նոր տեխնոլոգիաների կիրառումն ավելի արդյունավետ է դարձնում հնագետների աշխատանքը դաշտում' թույլ տալով անմիջական պատկերացում կազմել դաշտի տարածական բաշխման մասին' պեղումները պլանավորելու համար: Ի տարբերություն արբանյակային լուսանկարների' դրանք նաև շատ ավելի քիչ ծախսատար են: