«Էբոլա վիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումները հաջողությամբ են ավարտվել և այն արդեն կարող է կիրառվել»,- հինգշաբթի հաղորդել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, «Համառուսաստանյան Ժողովրդական Ճակատի» կլոր սեղանից հետո: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

«Մենք ունենք մի պատվաստանյութ, որը շատ հաջող նախակլինիկական փորձարկում է անցել: Այդ պատճառով սպասում ենք ԱՀԿ-ի հանդիպմանը՝ հավաստագրման գործընթացի անցկացման համար: Սկզբունքորեն, մենք պատրաստ ենք կիրառել այն նույն կերպ, ինչպես ամերիկացիներն են կիրառում իրենց փորձնական պատվաստանյութը»,- ասել է Սկվորցովան:

 

Ըստ Սկվորցովայի' ՌԴ առողջապահության նախարարությունը մանրակրկիտ մոնիթորինգ է անցկացնում ուսանողների շրջանում, ովքեր ժամանել են այն երկրներից, որտեղ Էբոլա համաճարակ է հայտնաբերվել:

 

«Մենք ունենք Էբոլա համաճարակից տուժած երկրներում սովորած ուսանողների ցանկը: Բոլորն էլ ժամանման պահից գտնվում են մոնիթորինգում: Վարակի նշանների հայտնաբերման առաջին իսկ պահից նրանք անհապաղ կմեկուսացվեն,- ասել է Սկվորցովան՝ հավելելով, որ իրենք մշակել են շատ արդյունավետ ախտորոշման միջոց, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին»: