«Բժիշկներ առանց սահմանի» միջազգային հումանիտար կազմակերպությունը Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներ կանցկացնի Արեւմտյան Աֆրիկայի երեք բժշկական կենտրոններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կազմակերպության կայքում, որի կենտրոնակայանը գտնվում Է Ժնեւ ում:

 

Փաստաթղթում ընդգծվում Է, որ բոլոր հետազոտությունները կանցկացվեն հիվանդների ու նրանց ազգականների համաձայնությամբ, իսկ բուժման մեթոդները հավանության են արժանացել բժշկական փորձագետների եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից:

 

«Սակայն մենք նախազգուշացնում ենք՝ ոչ մի երաշխիք չկա, որ այդ մեթոդները համադարման կդառնան,-նշել Է «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչ Աննիկ Անտյերենսը:Բայց մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի գտնենք Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության բուժման արդյունավետ միջոցը»:

 

Հետազոտություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի, Ֆրանսիայի Առողջապահության ու բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի եւ Բելգիայի Անտվերպենի արեւադարձային բժշկության ինստիտուտի մասնագետները:

 

Երեք խմբերից յուրաքանչյուրը կունենա բուժման իր եղանակը: Առաջին փորձարկումները կսկսվեն արդեն այս տարվա դեկտեմբերին, իսկ նախնական արդյունքները կհրապարակվեն 2015 թվականի փետրվարին:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ Էբոլա տենդից մահացածների թվաքանակը գերազանցել է 5 հազարը: ԱՀԿ-ի՝ նոյեմբերի 9-ի տվյալներով, վիրուսից առավել տուժած արեւմտաաֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, մահացել է 5147 մարդ:

 

Ընդամենը վիրուսի զոհ է դարձել արդեն 5160 մարդ: Դրանով վարակվել է 14 հազար 98 մարդ: Էբոլայով հիվանդացածների թվի կտրուկ աճ է դիտվել Սիեռա Լեոնեում, որտեղ նոյեմբերի 9-ին նախորդած շաբաթվա ընթացքում հիվանդությունը հաստատվել է 421 մարդու մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: