ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բա ժնից, դեսպանը նախարարին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և փոխանցել Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մալգոժատա Օմիլանովսկայի հրավերը' հոկտեմբերի 28-ին Վարշավայում մասնակցելու Լեհաստանի «Հրեական թանգարանի» բացման արարողությանը:

 

Հ. Պողոսյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-լեհական մշակութային կապերը զգալի զարգացում են ապրել. կողմերը կայուն համագործակցում են թատրոնի, կինոյի, երաժշտարվեստի և գրականության ոլորտներում: Անդրադարձ է եղել 2014թ. հունիսի 18-ին Սոպոտի պատկերասահում բացված' Հովհաննես Այվազովսկու աշխատանքների ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել է հայ ծովանկարչի 43 ստեղծագործություն:

 

Նույն թանգարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն' հոկտեմբերին 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայազգի անվանի նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսը: Այդ առիթով ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը հրավեր է ուղարկել լեհ գործընկերոջը' Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մ. Օմիլանովսկային: Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ցուցահանդեսի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, կողմերը պայմանավորվել են երկուստեք աջակցել ցուցահանդեսի կայացմանը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև 2015 թ-ին Լեհաստանում իրականացվելիք' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված ծրագրերին: Նախատեսված են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբերի, «Հովեր» սեպտետի համերգները, «Թանգարային գիշեր» ակցիան (շրջիկ ցուցահանդես, տեղեկատվական նյութերի տարածում, ֆիլմերի ցուցադրություն և «Հայկական հետքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես), Քշիշտոֆ Պենդերեցկու' Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակապելլա գործի ներկայացումը:

 

Անդրադառնալով «Գրական տապան» փառատոնին, Հ. Պողոսյանը տեղեկացնել, որ այս տարի ևս մասնակցելու է լեհ գրող Յանուշ Վիշնևսկին, ում «Գրանդ» վերնագրով գիրքը թարգմանվել է հայերեն: Նախարարը դեսպանին հրավիրել է ներկա գտնվել գրքի շնորհանդեսին:

 

Զ.Ռաչինսկին և Հ. Պողոսյանը կարևորել են մշակույթի ոլորտում համագործակցության մասին միջկառավարական փաստաթղթի' «ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում 2014-2017թթ. համագործակցության մասին» գործնական ծրագրի ստորագրումը և պայմանավորվել մինչև հոկտեմբեր ավարտել դրա լրամշակման աշխատանքները: