ԵՄ կողմից ֆինանսավորվող «SolveNet» ծրագրի շրջանակներում, սեպտեմբերի 9-ին Երևանում կանցկացվի տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ քաղաքացիների ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվական սեսիա` ծրագրի թիրախային մարզերից (Տավուշ, Գեղարքունիք և Սյունիք) հրավիրված հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունից, միջոցառման նպատակն է մասնակիցներին ներկայացնել քաղաքացիական ներգրավվածության կարևորությունը, դրա հարթակները, ինչպես նաև «SolveNet» ծրագրի շրջանակներում Հայաստանի համար www.publicpolicies.am հասցեում գործող` քաղաքացիների ներգրավվածության առցանց հարթակի ընձեռած հնարավորությունները։
Նշված հարթակում յուրաքանչյուր ոք կարող է բարձրաձայնել հանրային կարևորության խնդիր, որի լուծման գործընթացի հիմքում ընկած է հանրային քաղաքականության SMART մեթոդը։
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն Հայաստանում իրականացնում է ԵՄ կողմից` «Սևծովյան ավազան 2007-2013թթ.» համատեղ գործառնական ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ քաղաքացիների ներգրավվածություն (SolveNet)» ծրագիրը` SMART զարգացման կենտրոնի (Ռումինիա), «Ստորին Դանուբ եվրաշրջան» միջսահմանային համագործակցության ասոցիացիայի (Ռումինիա), «Ստորին Դանուբ» եվրաշրջանի կայուն զարգացման և եվրաինտեգրման գործակալության (Ուկրաինա), ինչպես նաև «Հանրային քաղաքականության ինստիտուտ»-ի (Մոլդովայի Հանրապետություն) հետ համագործակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացումն՝ ուղղված տեղական և տարածքային զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման հարցում նրանց դերի ամրապնդմանը:
Հայաստանում ծրագրի թիրախ խմբերն են Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հասարակական կազմակերպությունները, տեղական կառավարման մարմինները, փոքր և միջին ձեռնարկատերերը: