Երևանի Ծիծեռնակաբեդի 1/2 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ շենքը սեպտեմբերի 10-ին շահագործման հանձնվեց: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հատուկ հանձնաժողովի առաջարկություների հիման վրա և կառավարության որոշմամբ' այս տարածքում բնակարաններ են հատկացվել Երևանի Արամի 72-80 հասցեներում մասնավոր կառուցապատողի ձախողած կառուցապատման ծրագրից տուժած ընտանիքներին:
Նորակառույց շենքի բացմանը մասնակցեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նրանք ողջունեցին բնակարաններ ստացողներին, ծանոթացան բնակարանային պայմաններին, զրուցեցին բնակիչների հետ:
«Մենք կարողացանք լուծել 476 ընտանիքի խնդիր: Սա թե՛ Երևանի, և թե՛ երևանցիների համար մեծ ձեռքբերում է: Այս հասցեի հետ կապված խնդիրները լուծված են, բայց Երևանում խնդիրներն ամբողջությամբ լուծված չեն: Բացի 476 ընտանիքներից, ևս 290 ընտանիքների խնդիր ունենք, որոնք Կոնդ թաղամասի, Ֆիդուսի, Բյուզանդ փողոցների բնակիչներ են: Հանձնաժողովը քննարկում է նաև նրանց խնդիրները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա վստահեցրեց, որ քաղաքացիների բոլոր խնդիրները լուծում են գտնում: «Համոզված եմ, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը կլուծի նաև հետագա խնդիրները»,- նշեց նա:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն էլ ընդգծեց, որ շենքի շնորհիվ բազմաթիվ մարդկանց խնդիրներ են լուծվել: «Շենքի հարավային կողմից կկառուցվի նոր ճանապարհ, որը զգալի կբեռնաթափի Կենտրոնի երթևեկությունը»,- նշեց նա:
Դեռևս 2011 թ. դեկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից քրեական գործ էր հարուցվել Արամի 72-80 հասցեներում կառուցվող շենքից բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005-11 թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, խարդախությամբ մեծ գումարների հափշտակման կապակցությամբ: Շուրջ 476 ընտանիք մնացել էր բնակարանի ձեռքբերման համար վճարված գումարները կորցնելու շեմին: