Համաշխարհային Բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ֆինանսավորման շրջանակներում 2013թ. դեկտեմբերի 6-ին շահագործման հանձնվեց Մ-7 - Արևաշող ավտոճանապարհի կմ0+000 - կմ2+465 հատվածի վերականգնման աշխատանքների արդյունքում ավարտված շինարարական օբյեկտը։
Վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 368,9 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Արգիշտի-1» ՍՊԸ-ն։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, վերականգնման աշխատանքների արդյունքում ավարտված շինարարական օբյեկտի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Լոռու մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության, կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ և շահագրգիռ համայնքի ղեկավարը։