Նորաստեղծ կառույցի, Հայաստանում ներքաղաքական իրավիճակի և Ադրբեջանի արկածախնդրությունների վերաբերյալ«Առավոտը»-ը զրուցել է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ.


- Հրամանատարներն իրենց ազատամարտիկների դաշինքն ստեղծեցին, Ռուբեն Գևորգյանն իր կառույցն է ստեղծում: Ազատամարտիկների դաշինքը հայտարարեց, որ կանգնելու է քառյակի ուժերի կողքին: Ստացվում է, որ ամեն քաղաքական ուժ իր՞ ԵԿՄ- է ստեղծում: Ինչո՞ւ է պառակտվում Երկրապահը:

 

- Դուք էլ եք գիտակցում, որ հայ ժողովուրդը չի պառակտվել: Երկրապահը ողջ հայ ազգն է, սա հայ ազգը համախմբող կառույց է: Իսկ որ տարբեր կառույցներ ստեղծելու փորձեր են արվում, դա պառակտումից չի, այլ տարբեր քաղաքական հետաքրքրություններից:

 

Երկրապահի առավելությունն այն է, որ արհեստածին կառույց չէ, չի ստեղծվել քաղաքական մանր հարցեր լուծելու համար: Երկրապահը ժամանակին ստեղծվել է արյան կանչով, ստեղծվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից, այսօր էլ հավատարիմ է Սպարապետի ժառանգությանը: Թե չէ՝ ասում եք՝ հրամանատարներ: Հրամանատարները պետք է ազգին ծառայեն, ոչ թե մանր-մունր քաղաքական շահեր սպասարկեն: ԵԿՄ-ում այսօր 250 ջոկատի հրամանատար կա: Մենք երբևէ դա շեշտե՞լ ենք: Շատերն են շատ բան փորձում ստեղծել: Ես մեր ժողովրդին եմ հավատում, վստահում, մեր պետությանը: Իսկ եթե կան ուժեր, որ կարծում են, թե կարելի է պետության մեջ պետություն ստեղծել, դրանց զգուշացնեմ, որ իրենք դատապարտված են:


- ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ կրկին կարող է հավակնել իշխանության: ԵԿՄ-ն և անձամբ դուք կկանգնե՞ք նրա կողքին:

 

- Ռոբերտ Քոչարյանը մեր երկրի, մեր պետության զինվորներից է եղել և քաղաքական գործիչ: Նա միշտ ազատ է եղել իր որոշումների մեջ և այսօր էլ ազատ է: ԵԿՄ-ն կանգնած է այսօրվա նախագահ Սերժ Սարգսյանի կողքին, հավատում, վստահում ենք նրան: Նախագահը դեռ 4 տարի էլ պաշտոնավարման ժամկետ ունի: Կգա ժամանակը, և այսօրվա նախագահն էլ կորոշի, թե ինքն ում պետք է աջակցի: Ես ոչ մեկին էլ խորհուրդ չեմ տա ժամանակից շուտ սկսել ընտրարշավը: Շատ շատերին խորհուրդ եմ տալիս ժամանակից շուտ, ջուրը դեռ չտեսած՝ չբոբիկանալ:


- Խորհրդարանական քառյակը հանրահավաքային շրջան է սկսելու: Կհաջողվի՞ նրանց ժողովրդին ոտքի հանել և գահընկեց անել Սերժ Սարգսյանին:

 

- Ես լավ չեմ հասկանում: Քառյակը երկրի, պետության, ժողովրդի ապագայի մասին է մտածում, հանուն ինչ-ինչ արժեքների՞ է գործում, թե՞ աշխատում է ընդդեմ սկզբունքով: Ես վստահ ասում եմ, որ ոչ ոք չի կարող մեր երկիրը ցնցումների տանել: Կարծում եմ, որ ընդդիմության շարքերում էլ խելացի, բանիմաց մարդիկ են, երկրի շահերով առաջնորդվող: Ես վստահ եմ, որ ընդդիմությունը քաղաքական պայքարը կտանի քաղաքակիրթ ճանապարհով, օրինական, սահմանադրական ճանապարհով: Ինչ խոսք, եթե կան թերություններ, պետք է դրանց մասին խոսել, բարձրաձայնել:


- Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ի՞նչ է սպասվում Հայաստանին: Ադրբեջանը կրկին կգնա՞ արկածախնդրության:

 

- Ադրբեջանը միշտ էլ գնում է սադրանքների, միշտ էլ պատրաստ է արկածախնդրության և միշտ էլ կանի, եթե թույլ տանք: Եթե ինքներս մեր ձեռքով մեր տունը չքանդենք, մեր անկախությունը չքանդենք, եթե միասնական և ուժեղ լինենք, ոչ մի Ադրբեջան կամ այլ արտաքին ուժեր չեն կարող մեզ վնասել: Մենք ենք մեր ճակատագրի տերը, մեր բախտը մենք ենք տնօրինում: Թուրքը հազարավոր տարիներ ցանկացել է մեզ վնասել, վատություն անել: Եղել են ժամանակներ, որ հաջողել է, եղել է, որ ոչ: 1915 թվականին թուրքը հաջողության հասավ, որովհետև միասնական չէինք, որովհետև մեր հույսն օտար պետություններին, օտար ազգերին էինք դրել: Իսկ վերջին Արցախյան ազատամարտում հաղթեցինք, քանի որ հավատացինք ինքներս մեզ, մեր ուժերին, գործեցինք միասնաբար՝ ազգային ծրագրի շրջանակներում:

 

Մեր իղձերի իրագործման համար պետք է ունենանք ուժեղ պետություն, միասնական և հավատացյալ ժողովուրդ: