Ուկրաինայի վերաբերյալ Մինսկում ձեռք բերված համաձայնությունների ձախողում չի կարելի թույլ տալ, բայց հրադադարի խախտման առանձին միջադեպերն սպասելի էին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

 

«Անհրաժեշտ է, որ սեպտեմբերի 5-ին Մինսկում ստորագրված արձանագրությունը օգտագործվի լրիվ չափով,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը:

 

Հարավ-արևելքի հետ համազգային երկխոսություն սկսելուց երկար ամիսներ շարունակվող հրաժարումից հետո, վերջապես, բանականությունը կարծես իր համար ճանապարհ է հարթում»:

 

«Հասկանալի է, որ դժվար էր հարյուրտոկոսանոց հրադադար ակնկալել առաջին ժամերից, ժամանակ էր պահանջվում, որպեսզի ազդանշանները հասնեն նրանց, ովքեր զենքը ձեռքին դիմակայում էին միմյանց, ուստի առանձին միջադեպերն սպասելի էին,- նշել է նախարարը:- Կարևորն այն է, որ դրանք չդարձան մասշտաբային և չհանգեցրին նոր մարտական գործողությունների»: «Մենք պաշտպանում ենք այն շրջաններում ԵԱՀԿ-ի դիտորդների շտապ տեղաբաշխման վերաբերյալ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարների առաջարկը, որտեղ հակամարտության կողմերը շփվում են»,- ընդգծել է Լավրովը: