ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փոխանցմամբ՝ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը միջանկյալ մի կետում է, որին կհաջորդի երրորդ երկիր տեղափոխությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ այժմ վերջնականապես լուծվում է երրորդ երկիր գնալու կամ Հայաստան վերադառնալու հարցը: «Մեր ունեցած տվյալներով' Ինջիղուլյանը ցանկանում է հայրենիք վերադառնալ»,- ասաց Օհանյանը:
Անդրադառնալով ադրբեջանական գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձի խնդրին՝ Օհանյանն ասաց, որ այս հարցում նույնպես հայկական կողմը համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, սակայն երկու երկրների միջև կապի բացակայության պատճառով նման հարցերի լուծումը ձգձգվում և երկարում է:
2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը' հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: 2014թ. օգոստոսի 29-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Արման Ինջիղուլյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ն երրորդ երկիր են տեղափոխել:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ հայրենիք վերադառնալու պարագայում Հակոբ Ինջիղուլյանին որեւէ պատիժ չի սպասվում: