Ադրբեջանը փորձում է սահմանին սադրանքներն օգտագործել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա ազդելու համար: Սակայն հայկական զինված ուժերն իրենց մարտունակությամբ կարողանում են Հայաստանի եւ Արցախի սահմաններն անառիկ պահել եւ դժվարագույն պայմաններում պահպանել խաղաղությունը:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը մեկն է, եւ այն երբեք չի փոխվել' մեր երկիրը հանդես է գալիս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքերից: Ըստ նախարարի, Արցախի ժողովրդի ինքնորոշմանը չկա այլընտրանք, եւ այս հարցում հայ ժողովուրդը պետք է դրսեւորի միասնական կամք վերջնական արդյունքի հասնելու համար:

 

«Խոսքը զուտ նախնիների հողում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին է: Դրան այլընտրանք չկա, եւ մենք պետք է ամեն ինչ անենք դրա համար: 1992-1994թթ. նրանք քանակով եւ սպառազինությամբ մեզանից շատ էին, սակայն հաղթանակը մերն էր, այժմ էլ են նրանք քանակով ու սպառազինությամբ շատ, բայց պատերազմում միայն այդ երկու չափանիշով չեն հաղթում եւ մնացյալ չափանիշները փաստում են, որ պատերազմի դեպքում հաղթող կողմը կրկին մենք ենք լինելու: Առաջին անգամ մեզ պարտադրված պատերազմում մենք պաշտպանեցինք մեր սահմանները: Բայց հակառակորդը փորձում է երկրորդ անգամ ճնշում գործադրել եւ հասնել զիջումների: Մեզ համար ընդունելի են փոխադարձ պայմանավորվածությունները, բայց անընդունելի են անհասկանալի զիջումները՝ անհայտության դիմաց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացած հանդիպման ժամանակ ասաց Օհանյանը' հավելելոց, որ հակառակորդը ռազմաշունչ հռետորաբանությամբ եւ սահմանին խախտումների միջոցով ուժ է ցուցադրում' փորձելով այդ կերպ ազդել բանակցային գործընթացի վրա:

 

Ըստ նախարարի, հուլիս-օգոստոսին սահմանին հրադադարի դեպքերի ավելացումն ու լարվածության աննախադեպ բարձր մակարդակը հենց դրան էին միտված: «Դա չստացվեց' հայ սպաների եւ զինվորների խիզախության շնորհիվ: Դիվերսանտները ոչ միայն հետ շպրտվեցին, այլեւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեցին: Այդ լարվածության արդյունքում հակառակորդն 9 անգամ ավելի շատ կորուստ տվեց: Ես ցավում եմ, թե' մեր, թե' հակառակորդի զոհերի համար եւ միաժամանակ հայտարարում, որ հակառակորդի զոհերը իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին են», - ասաց նախարարը:

 

Հուլիս-օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության մակարդակը խիստ բարձր էր: Հակառակորդն ամեն օր խախտում էր հրադադարի ռեժիմն ու դիպուկահարների միջոցով կրակահերթեր արձակում թե' հայկական դիրքերի, թե' խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի զգոնության շնորհիվ կանխվել են հակառակորդի ավելի քան երկու տասնյակ դիվերսիաները: Սահմանային լարվածության կապակցությամբ հայտարարությամբ հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խումբն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սահմանային լարվածո ւթյան օրերին նախարար Օհանյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ եւ նրանց ներկայացրել իրավիճակը: