ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին գաղափարի մարտիկ է համարում, ով գիտակցեց Հայաստանի անկախ լինելու նշանակությունն ու գնաց դեպի անմահություն: «Թաթուլ Կրպեյանը չի պատկանում միայն իր հարազատներին, եղբայրներին, կնոջը, դստերը. նա ողջ ժողովրդինն է: Նա գաղափարի մարտիկ էր, ով գիտակցեց ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի անկախ լինելու նշանակությունը և դերակատարումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հուշ-հանդիսությանը իր ելույթում այսպիսի կարծիք հայտնեց նա' շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ՀՀ ագգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-րդ տարեդարձի կապակցությամբ հոբելյանական հանձնաժողովի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին:

 

Սեյրան Օհանյանը նկատեց, որ սահմանում կանգնած յուրաքանչյուր զինծառայող ոգևորվում է հենց Թաթուլ Կրպեյանի կերպարով: «Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում, և մենք իրավունք չունենք դժվարին պահերին ընկրկելու, այլևս երկիրը մասնատման վտանգի առաջ չպետք կանգնի»,-ընդգծեց բանախոսը:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցառման մասնակիցներին փոխանցեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես ասված էր. «Այս օրերին լրանում է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյա տարեդարձը: Եթե նա չգնար անմահության ճանապարհով և այսօր մեզ հետ լիներ ֆիզիկապես, կլիներ ընդամենը հիսուն տարեկան: Բայց նա մեզ հետ է իր լավատեսությամբ, ազատ հայրենիք ունենալու իր պայծառ տեսլականով, իր անկոտրուն հավատով, որ մեր ճակատագիրը մենք ենք կռում' մեր սեփական ձեռքերով: Թաթուլ Կրպեյանը հայ երիտասարդ մտավորականի այն տեսակն էր, որը մյուսներից ավելի լավ էր պատկերացնում մեր երկրի ու հայության քաղաքական վիճակը, մեր առջև ծառացած խնդիրների բարդությունը և այն վտանգները, որոնք կարող էին հանգեցնել անշրջելի կորուստների, եթե մենք ապրելու և ազատագրվելու իրավունքը չպաշտպանեինք զենքով: Գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքի պատմություն, ամեն հայ ընտանիքի ճակատագիր մի ամբողջ համալսարանական դասընթաց է, այդ թվում և քաղաքական պատմության դասընթաց: Եվ Թաթուլ Կրպեյանի նախնիների պատմությունը բացառություն չէ, այլ բնորոշ օրինակ: Նա կարող էր պատմության ֆակուլտետում չսովորել, բայց իմանալ այն, ինչ գիտեր, գիտակցել այն, ինչ գիտակցում էր: Թաթուլ Կրպեյանը մեր մյուս կամավոր ազատամարտիկների հետ դարձավ այդ ազգային գիտակցության, քաղաքական գրագիտության և անձնական խիզախության խորհրդանիշ: Նա դարձավ նոր օրինակ և նոր դասընթաց հաջորդ սերունդների համար. դարձավ Ազգային հերոս: Ծնունդդ շնորհավոր, սիրելի Թաթուլ»:

 

Հանդիսավոր միջոցառման ընթացքում ներկաներին ցուցադրվեց Թաթուլ Կրպեյանի հերոսական ուղու մասին պատմող տեսաֆիլմը, որից հետո հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» և «Մարաթուկ» ազգագրական համույթները: Այնուհետև հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Շուշան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը, Արսեն Գրիգորյանը, Քրիստինե Պեպելյանը և մի խումբ այլ երգիչներ կատարեցին հայրենասիրական երգեր: