«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման իրական թիրախը Թուրքիան է, եւ մոտեցող պատերազմում ԻԼԻՊ-ը ցանկանում է կանխել Անկարայի որոշիչ գործոն լինելը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է անգլիական The Times թերթը' մեկնաբանելով ԻԼԻՊ-ի կողմից անգլիացի կամավոր Դեւիդ Հայնսի հրապարակային սպանությունը:

 

«Այստեղ իրական թիրախը ոչ թե Բրիտանիան էր, այլ Թուրքիան էր: Հունիսին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսությունը գրաված ԻԼԻՊ-ի ձեռքում 49 թուրք պատանդ կա: Ակնհայտ է, որ Սիրիայի եւ Իրաքի հետ երկար սահման ունեցող Թուրքիան ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայում կարող է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համար ամենակարեւոր դաշնակիցը լինել:

 

Սակայն, ձերբակալված համերկրացիների պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ցանկանում միանալ այդ կոալիցիային: Չնայած դրան, օտարերկրյա ջիհադականները Սիրիա եւ Իրաք են մեկնում Թուրքիայի վրայով: Այն դեպքում, երբ Սիրիայի վրայով տարանցիկ առեւտուրը հայտնի պատճառներով վտանգավոր է դարձել եւ խիստ նվազել, 30 տոկոսով նվազել է նաեւ Իրաքի հետ Թուրքիայի միջեւ առեւտուրը:

 

Միեւնույն ժամանակ ԻԼԻՊ-ի եկամուտի աղբյուրներից մեկն է դարձել Թուրքիայի սահմանում իր վերահսկողության տակ վերցրած նավթի առեւտուրը: Միանշանակ է, որ Անգլիան չի հրաժարվելու ԻԼԻՊ-ին ոչնչացնելու իր մտադրությունից:

 

Մյուս կողմից Լոնդոնը վախենում է, որ ԻԼԻՊ-ի կողմից բրիտանացիների եւ այլ օտարերկրացիների սպանությունները կարող են զանգվածային բնույթ ստանալ, որից վախեցած Անկարան էլ խուսափում է մտնել ԻԼԻՊ-ի դեմ միջազգային ռազմական կոալիցիայի շարքը», -նշում է բրիտանական թերթը: