Պարզվել է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում պատանդ վերցված թուրքական հյուպատոսության 49 աշխատակիցներին ազատ արձակելու պատճառը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրիտանական The Times թերթը հարցազրույց է անցկացրել Թուրքիայի Ուրֆա քաղաքի բանտից ազատ արձակված ջիհադական Ալ Միքդադ ալ Շարուրիի հետ, ով հայտարարել է, որ ինքը եղել է ԻԼԻՊ-ի այն անդամներից մեկը, որոնց փոխանակել են Իրաքի Մոսուլ քաղաքում պատանդ վերցված թուրքական հյուպատոսության 49 աշխատակիցներին ազատ արձակելու դիմաց:

 

Ալ Շարուրին ասել է, որ իրենց ազատելու համար է, որ ԻԼԻՊ-ը պատանդ էր վերցրել թուրքական հյուպատոսության դիվանագետներին:

 

Թերթը գրում է, որ ԻԼԻՊ-ին արդեն հաջողվել է ազատ արձակել թուրքական բանտերում գտնվող մոտ 180 իր մարտիկների, որոնք Սիրիայում ձերբակալվելուց հետո ուղարկվել էին թուրքական բանտեր:

 

Թերթը հայտնել է, որ փոխանակման համաձայնություն ձեռք բերվելու մասին իր ելույթներից մեկում ակնարկել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Այդ օրերին ունեցած ելույթում Էրդողանն ակնարկեց, որ պատանդներին հաջողվել է ազատ արձակել փոխանակման համաձայնության հիման վրա' չնշելով որեւէ մանրամասնություն»,-գրել է թերթը:

 

The Times-ը հավելել է, որ թուրք դիվանագետների հետ փոխանակված ԻԼԻՊ-ի անդամների մեջ եղել են նաեւ Մեծ Բրիտանիայի 2, Ֆրանսիայի' 3, Շվեդայի' 2, Բելգիայի' 1 եւ Մակեդոնայի 2 ջիհադական քաղաքացիներ: