Անգլիական The Times թերթը քննադատել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK)-ի թիրախներին ուղղված Թուրքիայի օդային հարվածները և «խենթություն» է անվանել դրանք:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սիրիայում «Իսլամական պետության» դեմ կռվելու պատրվակով PKK-ի զինյալների դիրքերի և ճամբարների նկատմամբ թուրքական օդուժի ռմբահարումները թերթը «աղետալի չափի վտանգավոր» է անվանել և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ արել անմիջապես «հետ քայլ» կատարել:

 

 

«Անցած 18 ամիսներին ԻՊ-ի դեմ ամենաարդյունավետ պայքարը մղել են PKK-ին մոտ կանգնած սիրիացի քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները (YPG) և Էրբիլից (հյուսիսիրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք) ղեկավարվող փեշմերգայական (քրդական բանակ) ուժերը: Քրդերի շարքերի թուլացումը Սիրիայում միմիայն օգնում է ընդլայնել հյուսիսում ԻՊ-ի գրաված տարածքները, իսկ հարավում' ԻՊ-ին մոտենալ Բաղդադին: Թուրքական օդուժի այդ ռմբահարումները բախումներ է բորբոքում թուրքաբնակ քրդերի և թուրքական անվտանգության ուժերի միջև և կարող է Թուրքիան վերածել արյունալի և սարսափելի դժոխքի», -նշել է թերթը: