Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում բազմամարդ հանրահավաք է անցկացվել, որի մասնակիցները դեմ են արտահայտվել Շոտլանդիայի անջատմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Բրիտանացի նշանավոր կատակերգու դերասան Էդդի Իզարդը եւ ժողովրդականություն վայելող հեռուստահաղորդավար Դեն Սնոուն «կոչ են արել հազարավոր լոնդոնցիների՝ հեղեղել Թրաֆալգարյան հրապարակը եւ խնդրել շոտլանդացիներին չքվեարկել Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի դուրս գալու օգտին», գրել է London Evening Standart-ը:

 

Բրիտանացի բազմաթիվ նշանավոր անձինք վերջին օրերին արտահայտվել են Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի կազմում պահպանելու օգտին: Համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը դիմել է շոտլանդացիներին՝ կոչ անելով առաջիկա հանրաքվեում քվեարկել տարածաշրջանի անկախության դեմ:

 

Երկրի միասնության պահպանման կողմնակիցների թվում են՝ Rolling Stones լեգենդար խմբի առաջատար Միք Ջագերը, երաժիշտ Փոլ Մաքարթնին, դերասանուհիներ Հելեն Բոնեմ Քարթերը եւ Ջուդի Դենչը, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Վեբերը, գրող Ջոան Ռոուլինգը եւ ուրիշներ:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը սեպտեմբերի 15-ին շոտլանդական Աբերդին կատարած ուղեւորության ընթացքում նախազգուշացրել է, որ եթե հանրաքվեի ընթացքում երկիրը մասնատվի, ապա դրանից հետո պետություններից յուրաքանչյուրն ընդմիշտ կգնա իր ուղիով: Եթե շոտլանդացիները քվեարկեն անջատման օգտին, ապա դա, նրա խոսքով, սպառնալիքի տակ կդնի նրանց արժույթը, թոշակներն ու զինված ուժերը:

 

Շոտլանդիայի անկախության հարցի շուրջ հանրաքվեն պետք է կայանա սեպտեմբերի 18-ին: Այն դեպքում, եթե բնակչության մեծամասնությունը քվեարկի Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու օգտին, Շոտլանդիան կդառնա անկախ պետություն:

 

Սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալների համաձայն՝ Շոտլանդիայի անկախության հակառակորդների թվաքանակը հանրաքվեի անցկացումից մեկ շաբաթ առաջ գերազանցել է նրանց թիվը, ովքեր հանդես են գալիս Մեծ Բրիտանիայից անջատվելու օգտին: Միեւնույն ժամանակ, անկախ քվեարկության արդյունքից, Եղիսաբեթ Երկրորդը նախկինի պես, հավանաբար, կմնա Շոտլանդիայի թագուհին, քանի որ տարածաշրջանի բնակիչների մեծամասնությունը հանդես է գալիս հօգւոտ այն բանի, որ նա շարունակի մնալ պետության ղեկավար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: