Միջազգային մամուլը շարունակում է փաստեր հրապարակել Իրաքի եւ Սիրիայի հյուսիսային զավթած շրջաններում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ Թուրքիայի կողմից իրագործվող ակտիվ համագործակցության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, ամերիկյան The New York Times-ը գրել է ԻԼԻՊ-ի եւ Թուրքիայի միջեւ նավթի առեւտրի մասին եւ նշել, որ Թուրքիան խոչընդոտում է ԻԼԻՊ-ի ֆինանսական աղբյուրները ոչնչացնելու միջազգային ջանքերին:
Թերթը հայտնում է, որ սեւ շուկայում ԻԼԻՊ-ի վաճառած նավթի գլխավոր գնորդը Թուրքիան է, եւ որ թուրքական կառավարության որոշ պաշտոնյաներ այդ կեղտոտ առեւտրից նույնիսկ անձնական շահույթ են ձեռք բերում:
Ըստ թերթի' ներկայում ԱՄՆ պաշտպանության նախարարությունում քննարկվում է Թուրքիայի կողմից ԻԼԻՊ-ից գնված նավթով բեռնված բեռնատարների եւ լցանավերի շարասյուներին օդային հարվածներ հասցնելու հարցը:
«Վաշինգտոնը հիասթափված է Անկարայի այդ պահվածքից: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, սակայն, հայտնի չէ' Անկարան ցանկանո՞ւմ է վերջ դնել այդ երկրից ԻԼԻՊ-ին հոսող փողերին, մարտիկների հոսքին եւ այլ կարգի աջակցություններին, թե ոչ»,-գրում է թերթը:
Ամերիկացի մասնագետների խոսքով' Իրաքում ԻԼԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում օրական 25-40 հազար բարել նավթ է արդյունահանվում, որի արժեքը սեւ շուկայում կազմում է 1,2 մլն դոլար: Այդ ծավալի նշանակալից մասն իրացվում է Թուրքիայի միջոցով:
Թեմայի հետ կապված' հոդվածում տեղ է գտել նաեւ արեւմտյան մի դիվանագետի արտահայտությունն այն մասին, որ «երկար ժամանակ է' ԱՄՆ-ը չի կարողանում համոզել Թուրքիային վերացնել այդ մաքսանենգ եւ հանցավոր ցանցը»:
Միջազգային մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիային մաքսանենգ ճանապարհով ԻԼԻՊ-ից նավթը գնում է մեկ բարելի դիմաց 25 դոլարով, այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում նավթի գինը մեկ բարելի դիմաց մոտավորապես 100 դոլար է: