Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ընդունված՝ Դոնեցկի և Լուգանսկի որոշ շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքը հրավեր է հանդիսանում «աշխարհազորայիններին բանակցային սեղանի շուրջ» հավաքելու առիթով: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԴԺՀ առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինին:
«Տվյալ քայլի առաջին դրական արդյունքն այն է, որ մեզ այլևս ահաբեկիչներ չեն անվանում»,- նշել է Պուրգինը:
Պուրգինի խոսքով՝ տվյալ օրենքի ընդունումն ազդեցություն չի ունենա անկախության ձգտման վրա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 16-ին հատուկ կարգավիճակ է տվել Դոնեցկի և Լուգանսկի որոշ շրջաններին՝ ընդունելով համապատասխան օրենք: Կողմ է քվեարկել 227 պատգամավոր:
Նշված կարգավիճակի նշանակումը նախատեսված է երեք տարի ժամկետով: Համաձայն օրինագծի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախատեսվում են անցկացվել դեկտեմբերի 7-ին:
Գերագույն ռադան նաև Դոնբասի դեպքերի մասնակիցների համաներման մասին օրենք է ընդունել: