Դոնբասի որոշ շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքը նախատեսում է նրանց վերադարձը ուկրաինական իշխանությունների վերահսկողության տակ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի՝ Դոնբասում խնդրի խաղաղ կարգավորման հարցերով լիազոր Իրինա Գերաշչենկոին:

 

«Օրենքը նախատեսում է այդ տարածքների աստիճանական վերադարձը Ուկրաինայի կառավարության վերահսկողության տակ և իքնիշխանության լիարժեք վերականգնումը: Նման խնդիրը չի կարող մեկ օրում լուծվել, այդ իսկ պատճառով մենք սահմանել ենք երեք տարի»,- Գերաշչենկոի խոսքերն է մեջբերել «112» հեռուստաալիքը:

 

Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 16-ին Դոնբասի որոշ շրջանների տեղական իշխանությունների հատուկ լիազորությունների մասին օրինագիծ է ընդունել,որոնց ցանկը կորոշեն Ուկրաինայի գաղտնի ծառայությունները:

 

Տեղական իշխանությունները, որոնք նախատեսվում են վերընտրվել դեկտեմբերի 7-ին, անփոփոխելի կլինեն, կկարողանան մասնակցել դատավորների և դատախազների նշանակմանը և կստեղծեն կամավոր ժողովրդական ոստիկանություն:Երաշխավորվում է ցանկացած լեզվի օգտագործման ազատությունը և խրախուսվում է Ռուսաստանի հետ միջսահմանային համագործակցությունը:

 

Օրենքով նախատեսված է նաև Դոնբասի վերականգնումը: Հատուկ կարգավիճակում գտնվող մի քանի շրջաններում ՝կհաստատվի հատուկ տնտեսական ռեժիմ:Կառավարությունը նպատակային ծրագիր կընդունի նրանց զարգացման համար:Օրենքը ենթադրում է, որ տեղական կառավարման մարմինները կարող են տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ կնքել առանձին շրջանների տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանն ուղղված համաձայնագրեր:

 

Բացի այդ ընդունվել է Դոնբասում հանցագործություններ գործած զինյալների համաներման մասին որոշումը:Օրենքը կգործի երեք տարի ժամկետով, սակայն, ինչպես հայտնեց ՈՒկրաինայի նախագահի խորհրդական Իգոր Գրինիվը, օրինագիծը կարող է անվավեր ճանաչվել արդեն կես տարուց, եթե «վերականգնվի կարգը»: