Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից նոյեմբերին Թուրքիա կատարելիք այցին կարող է հաջորդել այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է իտալական La Repubblica պարբերականը: Պարբերականն ընդգծում է աշխարհում դեռեւս առկա բաժանարար գծերի մասին ու փաստում տարբեր տարածաշրջաններում առկա արգելքնե րը վերացնելու կարևորությունը: La Repubblica-ն գրում է, որ նման արգելք' փակ սահմանների տեսքով գոյություն ունի նաև Անկարայի և Երևանի միջև, և Հռոմի պապն իր առաջիկա այցերի ժամանակ կփորձի շոշափել այս խնդիրը: Պարբերականը հայտնում է, որ Հռոմի պապի այցը Թուրքիա արդեն որոշված է:

 

Այն կտևի երկու օր և կկայանա նոյեմբերի 29-30-ը: Այցելությունը կիրականացվի հույների տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հրավերով: Ֆրանցիսկոս պապը նախ կլինի Անկարայում, ապա Ստամբուլում կմասնակցի Սուրբ Անդրեասի տոնակատարությանը: La Repubblica-ն հայտնում է, որ Թուրքիայում, որտեղ բնակչության 99,8 տոկոսը մուսուլման է, Հռոմի պապը կխոսի և հանդես կգա Իրաքում և Սիրիայում հալածվող և սպանվող քրիստոնյաների պաշտպանության դիրքերից:

 

«Սակայն Թուրքիա կատարելիք նրա այցելությունը հետապնդում է մեկ այլ նպատակ ևս. խոսքը Հայոց ցեղասպանության մասին է, որի 100-րդ տարելիցը կնշվի ապրիլին: Անկարան չի ճանաչում այն' կատարվածն անվանելով «ջարդեր» Օսմանյան կայսրությունում»,- գրում է իտալական պարբերականը' հիշեցնելով, որ նախքան Հռոմի պապ ընտրվելը Ֆրանցիսկոսն Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում բավական ջերմ հարաբերություններ է ունեցել հայկական համայնքի հետ, իսկ կատարված իրողություններն էլ որակել է որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

 

La Repubblica-ն հիշեցնում է վերջերս հայտնի դարձած տեղեկությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հռոմի պապը կոգեկոչի Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում իրականացվելիք արարողությամբ: «Այդուհանդերձ, Հռոմի պապն ուզում է ավելին անել: Հայաստանը հրավիրել է նրան. Ֆրանցիսկոսը հակված է ընդունել հրավերը»,- եզրափակում է La Repubblica-ն: