ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը առանձնացրել է Էբոլա մահացու տենդի տարածման դեմ պայքարի՝ իր կողմից ստեղծվող միջազգային հանձնաժողովի հինգ գերակայություն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա դրանք հրապարակել է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 18-ին կայացած արտակարգ նիստում:

 

«Դա միջազգային առաքելություն է, որը կոչվելու է «Էբոլայի տարածմանը շտապ հակազդելու ՄԱԿ-ի առաքելություն», UNMER, այն կունենա հինգ գերակայություն՝ կասեցնել վիրուսի տարածումը, բուժել վարակվածներին, ապահովել անհրաժեշտ ծառայություններով, աջակցել կայունությանը եւ կանխել հիվանդության հետագա տարածումը»,- ասել է Պան Գի Մունը:

 

Նրա խոսքով՝ առաքելության առաջին խմբերից մեկը համաճարակի վայր ժամանի մինչեւ սեպտեմբերի վերջը:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նաեւ ընդունվել է բանաձեւ, որով, մասնավորապես, կոչ է արվում վերացնել սահմանափակումներն այն երկրների հետ սահմաններում, որոնք Արեւմտյան Աֆրիկայում տուժել են Էբոլա տենդի համաճարակից, որպեսզի նրանք չմեկուսացվեն եւ դժվարություններ չստեղծվեն վարակի դեմ պայքարում:

 

Էբոլա վիրուսը շարունակում է սրընթաց տարածվել Արեւմտյան Աֆրիկայի տարածքում: Ներկայում վարակման դեպքեր են գրանցված արդեն Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Սենեգալում: Տեմդից մահացությունը կազմում է 53 տոկոս: Աառողջապահության համաշխարհային կազմակերպության՝ սեպտեմբերի 18-ին հրապարակված տվյալների համաձայն, համաճարակի զոհ է դարձել 2622 մարդ: Ընդամենը վարակվել է 5335 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: