Ռուսաստանի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն անհեթեթություն է որակել Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գալետեյի հայտարարությունը' Լուգանսկի օդանավակայանում Ռուսաստանի կողմից մարտավարական միջուկային զենք օգտագործելու վերաբերյալ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍ-ը, Պուշկովը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի հայտարարությանը: «Ուկրաինայի պաշտպանության նախարարի խելքը հաստատ տեղում չէ: Այստեղից էլ գալիս է նրա հայտարարությունը Լուգանսկի օդանավակայանում միջուկային հարվածների մասին»,- գրել է Պուշկովը:

 

Սեպտեմբերի 20-ին ուկրաինական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որի համաձայն Լեհաստանից վերադառնալու ճանապարհին Ուկրաինայի պաշտպանության նախարարն իրեն ուղեկցող լրագրողներից մեկին հայտնել է, որ ռուսական զորքերը 2С4 "Тюльпан" ինքնագնաց նռնականետով մարտավարական միջուկային երկու հարված են հասցրել Լուգանսկի օդանավակայանին, ինչի հետևանքով ուկրաինական զորքերը ստիպված են եղել լքել օդանավակայանը:

 

Ինչպես ուկրաինական լրատվամիջոցները մեջբերել են Ուկրաինայի պաշտպանության նախարարի խոսքերը, հարվածներն այնքան ուժեղ են եղել, որ օ դանավակայանի շենքն ամբողջովին փլուզվել է' 5-րդ հարկից մինչև նկուղ: