Եվրամիությունը սեպտեմբերի 30-ին կարող է սկսել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վերանայումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին գրել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ԵՄ-ի կառույցների աղբյուրների: Այդ հարցի վերաբերյալ որոշումն ընդունվելու է Բրյուսելում ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով: Հրատարակության տվյալներով՝ մինչ այդ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները պետք է զեկույց ներկայացնեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման համաձայնագրի կատարման մասին:

 

Այդ զեկույցին ծանոթանալուց հետո մշտական ներկայացուցիչները պետք է որոշեն՝ ինչ անել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հարցում: Թերթի աղբյուրի խոսքով՝ կարող է ընտրվել սահմանափակումների աստիճանական վերացման տարբերակը:

 

«Պատժամիջոցների չեղարկումը չի կատարվի նույն այն չափով, որով որ դրանք ընդունվել են»,- նշել է նա: Դրա հետ մեկտեղ աղբյուրը ճշտել է, որ Ղրիմի կապակցությամբ սահմանված պատժամիջոցներն ուժի մեջ կմնան: