Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ողջունել է Արևմուտքի օդային հարվածները Սիրիայի տարածքում, «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման դեմ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կոալիցիայի հայտարարության մեջ նշվել է, որ այս ամենն իրենց կօգնի պայքարելու Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի դեմ: Կոալիցիայի մամուլի քարտուղար Մանզար Ակբիկը հայտարարել է, որ օդային հարվածները կուժեղացնեն ընդդիմությանը Ասադի դեմ պատերազմում՝ ավելացնելով, որ ԻԼԻՊ-ի դեմ արշավը պետք է շարունակվի մինչև խմբավորման Սիրիայի տարածքից հեռանալը:

 

Բացի այդ, կոալիցիայի նախագահ Հադի Բահրան կոչ է ուղղել բոլոր կողմերին' շարունակել ճնշում գործադրել Ասադի համակարգի վրա:

 

ԱՄՆ-ը և նրա դաշնակից երկրները սեպտեմբերի 23-ին օդային հարվածներ են հասցրել Սիրիայի Ռակկա և Իդլիբ մարզերում ԻԼԻՊ խմբավորման հենակետերին, ինչի արդյունքում տասնյակ ահաբեկիչներ սպանվել են, ոչնչացվել են նրանց զենքերը:

 

Տեղեկություններ կան, որ մոտ 50 հարվածներ են ուղղվել Ռակկայում և Դեր Զորում ԻԼԻՊ-ի դիրքերին: Սիրիայի տարածքում ԻԼԻՊ խմբավորման դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի օդային հարվածներին մասնակցել է արաբական 5 երկիր՝ Հորդանանը, Բահրեյնը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: