Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուների թիվը տասնմեկն է: Թեկնածություն առաջադրելու վերջնաժամկետն ավարտվել է այսօր երեկոյան ժամը 18.00-ին:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանն ասաց, որ երկուշաբթի կկայանա մրցութային հանձնաժողովի նիստը, որից հետո կհրապարակվեն հաջորդ փուլ անցած երեք թեկնածուների անունները:

 

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի մրցույթի մեկնարկը տրվել էր 20 օր առաջ: Դատավորի ընտրության չափանիշները հստակ ամրագրված են եւ մրցույթի վերջնաժամկետից հետո Մրցութային հանձնաժողովը կրկին կհանդիպի եւ հարցազրույցների միջոցով կընտրի երեք թեկնածուի, որոնցից մեկն էլ հետագայում ընտրվելու է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր:

 

Ստրասբուրգում սեպտեմբերի 29-ին մեկնարկող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանում Վեհաժողովի պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ պետք է ընտրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դատավորին:

 

Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովն ունի հետևյալ կազմը. Սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ), Վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ) , ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր (համաձայնությամբ), Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ), ՀՀ արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ (համաձայնությամբ), Արդարադատության ակադեմիայի ռեկտոր (համաձայնությամբ), «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ:

 

Ըստ ԵԽԽՎ ընթացակարգերի՝ Հայաստանը Վեհաժողովին պետք է ներկայացնի ՀՀ դատավորի 3 թեկնածուի անուն՝ ձևաթղթի վրա, որոնցից էլ փակ գաղտնի քվեարկությամբ Վեհաժողովի պատգամավորները պետք է ընտրեն. անցնում է ձայների պարզ մեծամասնությունը ստացած թեկնածուն: