ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին, ովքեր դժգոհում էին վարչական ակտերի հարկադիր կատարման գործընթացի շրջանակում ծագող խնդիրներից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Միհրան Պողոսյանը, մոտենալով նախաձեռնության ներկայացուցիչներին, նրանց խնդրել է ԴԱՀԿ ծառայության հետ կապված խնդիրները բարձրացնել ոչ թե տարաբնույթ ակցիաների անցկացման ձևով, այլ Ծառայության համապատասխան իրավասու անձանց օրենքով սահմանված կարգով դիմելու բնականոն եղանակով' հատկապես այն պարագայում, երբ ԴԱՀԿ ծառայությունը հետամուտ է ցանկացած խնդրի բաց և թափանցիկ քննարկմանը:

 

Այնուհետև ակցիայի մասնակիցներին և լրագրողներին հրավիրելով նիստերի դահլիճ՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը պատրաստակամություն է հայտնել առանց ժամանակի սահմանափակումների հանգամանալից պատասխանել ակցիայի մասնակիցներին հուզող բոլոր հարցերին:

 

Քննարման ընթացքում պարզաբանվել են վարչական ակտերի բռնագանձման կատարողական վարույթներով հարկադիր կատարողների գործողությունների ինչպես իրավական հիմքերը, այնպես էլ դրանց իրականացման օրենքով սահմանված կարգը, հնարավոր խնդիրների լուծման առնչությամբ Ծառայության կողմից ձեռնարկվող միջոցառումները:

 

Ակցիայի մասնակիցները գոհունակություն են հայտնել հանդիպման արդյունքներից' իրենց բարձրացրած խնդիրները լսելու և հարցուպատասխանի միջոցով պարզաբանում ստանալու համար:

 

Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հատկապես կարևորել է այն փաստը, որ հասարակության անդամներն անտարբեր չեն մնում իրենց կողքին ապրող քաղաքացու խնդիրներին: