Շուրջ 150 մարդ Է մնում Օնտակե հրաբխի լանջերին, որի ժայթքումն սկսվել Է Ճապոնիայի Նագանոյի պրաֆեկտուրայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ճապոնական ԶԼՄ-ներին:

 

Անակնկալ ժայթքումը հանկարծակիի Է բերել ավելի քան 200 ալպինիստների ու զբոսաշրջիկների, ովքեր դրա սկսվելու պահին գտնվում Էին հրաբխի շրջանում: Նրանցից մոտավորապես 60-ն շտապ կարգով ցած են իջել: Մնացածներն օդում մոխրի կուտակման պատճառով ստիպված են եղել ապաստանել Օնտակեի լանջերի երկու ալպինիստական ճամբարներում: Նրանց օգնության են շտապում հրշեջ վարչության աշխատակիցները, որը Ճապոնիայում արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթներ Է կատարում:

 

Ներկայում Նագանոյի հրշեջ վարչությունը հաղորդել Է հրաբխի ժայթքման հետեւանքով ութ տուժածների մասին: Նրանցից մեկը ծանր վիճակում տեղափոխվել Է հիվանդանոց, մնացածները թեթեւ վնասվածքներ են ստացել:

 

Նաեւ տեղեկություններ են ստացվում չորս ալպինիստների մասին, որոնց վրա հրաբխային մոխիր Է թափվել: Նրանցից մեկին հաջողվել Է փրկել: Ներկայում փրկարարները ջանքեր են գործադրում ազատելու մնացածներին: Փրկարար ծառայությունների տվյալներով՝ մոխրի տակ հայտնվածներից մեկը կորցրել Է գիտակցությունը: Բացի այդ, առնվազն մեկ մարդ անհայտ կորած Է համարվում: Ականատեսների վկայությամբ՝ հրաբխի հարավային լանջն արդեն ծածկվել Է ավելի քան 15 սանտիմետր հաստությամբ մոխրով:

 

Հրաբխի ժայթքումն սկսվել Է սեպտեմբերի 27-ի առավոտյան: Ճապոնիայի Ազգային օդերեւութաբանական վարչությունը հրաբխի մերձակայքում վտանգավորության մակարդակը մինչեւ 3 բալ Է բարձրացրել՝ ըստ 5-բալանոց սանդղակի, եւ արգելել Է 4 կիլոմետրից պակաս հեռավորությամբ մոտենալ դրան:

 

Դատելով այն կադրերից, որոնք ցուցադրում Է NHK ճապոնական հեռուստաալիքը, խառնարանի վրա բարձրանում Է մոխրի մի քանի կիլոմետրանոց սյունը: Օնտակեի հարակից շրջանների բնակիչները հայտնել են հրաբխի խառնարանում մի քանի պայթյունների եւ ապարների արտանետումների մասին:

 

Օնտակե հրաբուխը գտնվում Է Տոկիոյից մոտավորապես 200 կմ արեւմուտք ընկած շրջանում: Վերջին անգամ այն ժայթքել Է 2007 թվականին

 

Հրաբխի ժայթքման կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի Տոկիոյի նստավայրին առընթեր ստեղծվել Է ճգնաժամային շտաբ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: