Ուկրաինական միլիցիան ձերբակալել Է սեպտեմբերի 27-ին Խարկովում անցկացված «Խաղաղության երթի» մի քանի տասնյակ մասնակիցների, այդ թվում եւ նախկին ժողպատգամավորի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը:
Դոնբասի ռազմական գործողությունների դեմ Կոմկուսի քաղաքային կոմիտեի կողմից սեպտեմբերի 27-ին պլանավորված «Խաղաղության երթն» արգելվել Էր դատարանի որոշմամբ: Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել Էր, որ միլիցիան քաղաքացիներին նախազգուշացնում Է պատասխանատվության մասին եւ խոստանում խիստ միջոցներ ձեռնարկել, եթե շաբաթ օրը Խարկովում նրանք մասնակցեն իշխանությունների կողմից արգելված ակցիային:
Ավագովը նշել Է, որ Խարկովում հանրահավաքն ավարտված Է: «Միլիցիան ձերբակալել Է այդ հակաուկրաինական հանրահավաքի արգելքը խախտած երկու տասնյակ մարդու: Ձերբակալվածների թվում Է Խարկովի գլխավոր կոմունիստուհին, նախկին ժողովրդական պատգամավոր Ալլա Ալեքսանդրովսկայան»,-գրել Է Ավագովը «Ֆեյսբուք»-ի իր Էջում:
Նրա խոսքով՝ նախկին ժողպատգամավորին քննիչների հետ զրույց Է սպասվում ներքին գործերի շրջանային բաժնում:
Ավելի վաղ միլիցիան հայտնել Էր, որ, չնայած արգելքին, մոտ հարյուր մարդ Էր եկել միջոցառմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: