Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ընդդիմության բողոքի երթի ընթացքում ավելի քան 50 մարդ է վիրավորվել ոստիկանության հետ բախումների հետեւանքով:
Այդ մասին հայտնել է երկրի ընդդիմադիր խորհրդարանի ղեկավար Խուլիո Բորխեսը: Ցուցարարներն ապրիլի 4-ին շարժվել են դեպի Ազգային ասամբլեայի շենքը. սակայն նրանց ճանապարհը փակել են իրավապահ մարմինների ջոկատները:
Բորխեսը, որի խոսքը մեջբերում է Nacional պորտալը, պատմել է 80-ամյա տղամարդու աչքից վիրավորելու եւ 39-ամյա կնոջ հրազենային վերքի մասին: Նաեւ պղպեղագազից տուժել են խորհրդարանի մի քանի պատգամավորներ եւ ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը: Ավելի քան տասը մարդ ձերբակալվել է:
Իրենց հերթին, իշխանություններն ընդդիությանը մեղադրել են երկրի իրադրության ապակայունացման փորձերի մեջ:
Ավելի վաղ Ամերիկյան պետությունների կազմակերպության մշտական խորհուրդն արտակարգ նստաշրջանում հավանություն է տվել Վենեսուելայի վերաբերյալ բանաձեւին, որը երկրում ժողովրդավարական կարգի լուրջ եւ ոչ սահմանադրական խախտում է արձանագրում: