Նիկարագուայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժն ավերել է 139 տուն, տուժել է առնվազն 24 մարդ: Այդ մասին հայտնել է տարերային աղետների կանխման ազգային համակարգի տնօրեն Գիլիերմո Գոնսալեսը:

 

Պերուական El Comercio հրատարակությունը, հղում անելով Գոնսալեսին, հաղորդել է, որ մարդիկ վիրավորվել են Նագարոտե եւ Մատեարե քաղաքներում, որտեղ ստորգետնյա ցնցումներն առավել ուժեղ են զգացվել: Ավերածություններ են տեղի ունեցել նաեւ Մոմոտոմբո, Լեոն բնակավայրերում եւ երկրի մայրաքաղաք Մանագուայում:

 

Ճշտված տվյալների համաձայն՝ ապրիլի 10-ին տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մանագուայից 20 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում 10 կիլոմետր խորության վրա: Լեոնում մասամբ քանդվել է հիվանդանոցի պատը, ինչի հետեւանքով հիվանդներին հարկ է եղել տարհանել:

 

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան արդեն կարգադրել է տագնապ հայտարարել տարերքի հարվածի կապակցությամբ եւ չեղյալ է հայտարարել դպրոցական պարապմունքները Մանագուայի եւ Լեոնի դեպարտամենտներում: Ամենաուժգին ցնցումից հետո գրանցվել են ընդհանուր առմամբ 350 հետցնցումներ, իշխանությունները չեն բացառում, որ առաջիկա ժամերին դրանք կարող են կրկնվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: