Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ժամանակ առ ժամանակ հնչեցվող հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Հելեն Քլարկի հետ սեպտեմբերի 29-ին կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Պատասխանելով հարցին, թե «ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 69-րդ նստաշրջանում Ադրբեջանի արտգործնախարարի կողմից հիշատակված միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններն ու դրանց կողմից ընդունված բանաձևերը, փաստաթղթերը ԼՂ հակամտության կարգավորման գործընթացում իրականում նշանակություն ունե՞ն», Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Կարծում եմ' նկատել ենք, որ այդ կազմակերպությունների շարքում չկային ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համանախագահները, ովքեր էլ զբաղվում են ԼՂ խնդրի կարգավորմամբ ու միջազգային հնարության կողմից ունեն միջնորդության մանդատ, խնդրի կարգավորման նպատակով աջակցում են կողմերին: Այդ կազմակերպությունները, որոնք հիշատակել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, ոչ միայն չունեն այս մանդատը, այլև չեն զբաղվում այդ հարցով: Դա Ադրբեջանի փորձն է տեղափոխել քննարկումները, բանակցությունների գործըթնացն այլ ձևաչափեր, որտեղ չկա պատկերացում այս հիմնախնդրի վերաբերյալ»:

 

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ միջազգային հանրության կողմից եռանախագահների միջոցով ներկայացված միջազգային նորմերի ու սկզբունքների հիման վրա հիմնախնդրի կարգավորմանը: «Այդ սկզբունքներն ու դրույթները եռանախագահող երկրների նախագահների կողմից հաստատվել են հինգ հայտարարություններում: Դրանցում մանրամասն ներկայացված են դրույթները, թե ինչպես պետք է կարգավորումը լինի, և Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք դրա հիման վրա գնալ բացառապես խաղաղ կարգավորմանը»,- հայտարարեց նախարարը:

 

Երևանում սեպտեմբերի 29-ին կայացել են Հայաստանի արտգործնախարարի և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի ղեկավարի բանակցությունները, որին հաջորդել է մամուլի ասուլիսը: