Ճապոնիայի կենտրոնական շրջանում Օնտակե ժայթքող հրաբխի ակտիվացումը ձախողել է փրկարար գործողության անցկացումը: 3067 մետր բարձրությամբ լեռը ցնցում են երկրաշարժերը, խառնարանի մոտ առկա է ծծմբաջրածնի չափազանց բարձր կուտակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հայտնել են փրկարար գործողության համակարգողները, որոշվել է ժամանակավորապես հրաբխի շրջան չուղարկել փրկարար խմբավորում, որը ներառում է գրեթե 800 զինծառայողների, ոստիկանների եւ հրշեջ ծառայության ներկայացուցիչների:

 

Նրանք պետք է իջեցնեն այնտեղ մնացած 24 մարդկանց մարմինները: Այդ մարդիկ, ըստ պաշտոնական տվյալների, գտնվում են սրտի եւ թոքերի կանգի վիճակում: Ճապոնական ոստիկանության նման որակումն առավել հաճախ մահ է նշանակում, քանի որ այն պաշտոնապես իրավունք ունեն արձանագրել միայն հատուկ լիազորված բժիշկները:

 

Նախորդ օրերին փրկարարներն ուղղաթիռների օգնությամբ լեռան ստորոտ են իջեցրել 12 զոհվածների մարմիններ: Նրանց մահը հաստատված է:

 

Հրաբխի ժայթքումը Ճապոնիայի Նագանո եւ Գիֆու պրեֆեկտուրաների սահմանում տեղի Է ունեցել սեպտեմբերի 27-ի առավոտյան: Մինչ այժմ սեյսմոլոգներն այդ շրջանում հայտնաբերել են հրաբխային ակտիվության երեք օջախ: Ժայթքումն անակնկալ Է դարձել 250 զբոսաշրջիկների համար: Նրանց մեծ մասը կարողացել Է պատսպարվել այն տնակներում, որտեղ ալպինիստները սովորաբար հանգստանում են, մնում են գիշերելու կամ սպասում են, մինչեւ եղանակը լավանա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: