Փարիզում սեպտեմբերի 23-26-ը կայացել է IFTM Top- Resa-2014 ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև ԼՂՀ պատվիրակությունը ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը հանդես է եկել առանձին տաղավարով, որը ձևավորված է եղել ավանդական ոճով ու որտեղ ներկայացվել է Արցախի մասին տեղեկատվական հարուստ գրականություն, զբոսաշրջավայրերի, հյուրանոցների մասին քարտեզներ և այլն:
Ցուցահանդեսի մասնակիցների պնդմամբ, աշխատանքները շատ հաջող են ընթացել, տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն զբոսաշրջային մասնագետների, այլև սովորական այցելուների մոտ: Ուրախալի է հատկապես այն, որ տարեցտարի ավելանում է այն այցելուների քանակը, ովքեր նախապես արդեն տեղեկացված են Արցախի մասին և հատուկ այցելում են Արցախի տաղավար:
«Ավանդույթի» համաձայն, ադրբեջանցիները կազմակերպիչների միջոցով փորձել են խոչընդոտել ԼՂՀ պատվիրակության աշխատանքները, որը սակայն, ինչպես միշտ, ձախողվել է:
Զբոսաշրջային մասնագետների կողմից հիշյալ ցուցահանդեսը համարվում է էլիտար: Ցուցահանդեսն առաջին անգամ անց է կացվել դեռևս 1978 թվականին Ֆրանսիայի Դևիլ քաղաքում, իսկ 2008-ից այն տեղափոխվել է Փարիզ' դառնալով աշխարհում ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը: