Բազմիցս առիթներ ունեցել ենք գրելու, որ Հայաստանի քաղաքական կյանքում կատարվող գործընթացները վաղուց դուրս են քաղաքականության տրամաբանությունից: Սակայն, եթե նախկինում քաղաքական տրամաբանությունից դուրս էին գործում հիմնականում իշխանական ուժերը, ապա ներկայումս դա դարձել է նաև ընդդիմադիր դաշտի բնորոշիչը:
Խորհրդարանական երեք ուժերի' ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի դիրքորոշումը նախագահական ընտրություններում դրա լավագույն ապացույցն էր:
Այդ ուժերը տարբեր պատճառներով հայտնվեցին ամորֆ, անկարող վիճակում, ինչին փորձում են քաղաքական երանգ հաղորդել բոյկոտի իմիտացիայի միջոցով: Մինչդեռ դա բոյկոտ չէ, քանի որ բոյկոտը շատ ավելի լուրջ կազմակերպչական միջոցառումներ պահանջող քաղաքական գործիք է, քան բուն ընտրություններում թեկնածու առաջադրելը և դրան մասնակցելը: Նորմալ' ժողովրդավարական, կայացած համակարգ ունեցող երկրում այս գործելակերպը չէր ներվի հասարակության կողմից, և այդկերպ վարված ուժերը հաջորդ ընտրություններում կհայտնվեին լուսանցքում:
Չէին ներվի առաջին հերթին՝ այդ ուժերի առաջնորդները, որոնց հետ հասարակությունը ասոցիացնում է այս կամ այն քաղաքական կուսակցությանն ու հոսանքին:
ԲՀԿ-ի' քաղաքական տրամաբանությունից դուրս գործելն ինչ-որ տեղ կարելի է նորմալ համարել, քանի որ այդ կուսակցությունը քաղաքականության հետ գրեթե աղերս չունի և խորհրդարանում երկրորդ տեղն է զբաղեցրել ամենևին ոչ քաղաքական պատճառներով: Քաղաքականության մեջ նրա հետագա գոյությունը նույնկերպ պայմանավորված է ոչ թե հասարակության վստահությամբ, այլ իշխանության ցանկությամբ:
Որոշակիորեն այլ է ՀՅԴ-ի պարագան, քանի որ վերջինս լինելով ամենաքաղաքական միավորներից մեկը, վարվեց գրեթե այնպես, ինչպես շահերի սպասարկման առումով իր հետ նույն «ծիրում» գտնվող ԲՀԿ-ն: Սակայն ՀՅԴ-ն ևս քաղաքական ասպարեզում իր գոյությունը պահպանելու համար կախված է ոչ այնքան ընտրողների, որքան իշխանության կամքից' գոնե այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի որևէ իշխանություն կարևորելու է Սփյուռքին կամ ակնկալիքներ է ունենալու սփյուռքահայերից:
Այս շարքում ամենահակաքաղաքական դիրքորոշումը, սակայն, ցուցաբերեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այն, որ անկախ ամեն ինչից, նա՝ որպես անհատ, իրավունք ուներ չառաջադրվել նախագահական ընտրություններում, քննարկման ենթակա չէ: Այլ հարց է, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվելու' ոչ մի տեղ չգրված, բայց անառարկելի քաղաքական պատասխանատվություն ուներ' իր թիմի, համակիրների, իրեն հավատացողների առաջ: Ընդունենք սակայն, որ նրա անձնական դրդապատճառներն ավելի զորեղ էին, քան քաղաքական պատասխանատվությունը:
Իրականում Տեր-Պետրոսյանի կողմից քաղաքական անպատասխանատվության ավելի ցայտուն դրսևորում էր ընտրություններում սեփական թիմակից Հրանտ Բագրատյանին չսատարելու քայլը: Հիմա ՀԱԿ-ի հետ կապված ամենաակտուալ հարցն առաջնորդի խնդիրն է, որը սադրեց Լևոն Տեր-Պետրոսյանը' ընտրություններում չառաջադրվելու որոշմամբ և իր զույգ հարցազրույցներով: Բայց նոր առաջնորդի մասին քննարկումների համատեքստում Հրանտ Բագրատյանին չսատարելու՝ Կոնգրեսի քայլի անհեթեթությունն ավելի արտահայտիչ է դառնում: Հրանտ Բագրատյանը, գուցե չլինելով առաջնորդի իդեալական կերպար, միանգամայն նորմալ և մրցունակ կարող էր (է) լինել նախագահի թեկնածուի կարգավիճակում: Բայց Բագրատյանի' թեկուզ դժվարին թվացող հաղթանակի դեմ ուղղված ամենամեծ քայլն արեց հենց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա այդ քայլն արեց' ոչինչ չանելով: Գուցե չափազանցված հնչի, բայց կարծում ենք, Բագրատյանին որպես մրցունակ ու հաղթող թեկնածու տեսնելու՝ Տեր-Պետրոսյանի ցանկությունն իսկ բավարար էր, որպեսզի նախկին վարչապետը դառնար Սերժ Սարգսյանի համար ոչ թե սովորական, այլ վտանգավոր, հաղթելու իրական հնարավորություն ունեցող մրցակից:
Դրա համար բավարար էր, ինչպես նշեցինք, Տեր-Պետրոսյանի ցանկությունը և այդ ցանկությունը քաղաքական, նախընտրական, կազմակերպչական աշխատանքի վերածելու վճռականությունը: Իսկ այդպիսի աշխատանքի հարուստ փորձ ՀԱԿ-ը, իհարկե, ունի: Եթե Տեր-Պետրոսյանը կարողանար հաղթահարել անփոխարինելի առաջնորդի իր բարդույթը, ապա նա կարող էր (քաղաքական տրամաբանության տեսանկյունից՝ պարտավոր էր) առաջիկա ընտրություններում ղեկավարել նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը' դրանով իսկ իր ամենամեծ ազդեցությունն ունենալով առաջիկա ընտրությունների ընթացքի վրա: Հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե շտաբի պետի' որպես տեխնիկական ղեկավարի, այլ՝ որպես քաղաքական կարգավիճակի մասին է: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես հասարակությունը կընդուներ այն թեկնածուին, որի շտաբը ղեկավարում է անձամբ ՀՀ առաջին նախագահը:
Նա այդպիսով ցույց կտար, որ, այո, 68 տարեկան է, այդ և այլ պատճառներով չի ցանկացել առաջադրվել, սակայն հանդիսանում է իր քաղաքական թիմի գործունեության, այդ թիմի գաղափարական ու ծրագրային շարունակության ապահովման պատասխանատուն ու երաշխավորը:
Նախագահի թեկնածուի շտաբի պետի կարգավիճակը Հայաստանում արժևորվում է միայն իշխանական դաշտում, դրա համար էլ Հովիկ Աբրահամյանը վերջին մի քանի ընտրություններում ամեն ինչ անում է՝ այդ դերում հայտնվելու համար: Որովհետև իշխանական թեկնածուի շտաբի պետը նրա հաղթանակի դեպքում զբաղեցնում է առավելագույնը՝ վարչապետի, նվազագույնը՝ ԱԺ նախագահի պաշտոնը: Ժողովրդավարական երկրներում նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնը նույնքան կարևորվում է նաև ընդդիմադիր թեկնածուի թիմում:
Նրա հաղթանակի դեպքում ևս շտաբի պետը կամ նոր կառավարություն է ձևավորում, կամ զբաղեցնում է երկրի առանցքային պաշտոններից մեկը: Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում, իհարկե, այս համեմատությունները տեղին չեն: Եթե Հրանտ Բագրատյանը հաղթեր ընտրություններում, Տեր-Պետրոսյանը, բնականաբար, չէր դառնալու վարչապետ կամ մեկ այլ պաշտոնյա: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը' Բագրատյանի հնարավոր հաղթանակի դեպքում, Հայաստանի պատմության մեջ կմնար ոչ միայն՝ որպես հիմնադիր նախագահ, այլև տարիներ հետո երկրի նախագահ ունեցող քաղաքական թիմի առաջնորդը:
Սա, իհարկե, ոչ միայն տեսական, այլև ուտոպիստական սցենար է, քանի որ Հայաստանում ոչ թե անձերն են ծառայում թիմերին, այլ՝ հակառակը:
Լևոն Տեր-Պետրոսյանի' սեփական անձի անփոխարինելիության սինդրոմը չէր կարող թույլ տալ անգամ մտածել իր կառավարության նախկին ղեկավարին նախագահի պաշտոնում տեսնելու մասին: Քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես ցույց տվեց կյանքը, առաջնորդվում է ոչ թե՝ թեկուզ առանց իր մասնակցության, սեփական քաղաքական թիմն ամրացնելու, նրա առջև դրված նպատակներին հասնելու, այլ՝ «ինձանից հետո' թեկուզ Լևոն Զուրաբյան» սկզբունքով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի