ՀՀ պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 6-ից 7-ն անցկացվել են շտաբային բանակցություններ՝ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչների և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչների միջև:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ զինված ուժերին ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նախանշված գործընկերության նպատակների իրագործմանն աջակցելու նպատակով:
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նախորդ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ՀՀ ԶՈւ արձանագրած առաջընթացը, ՆԱՏՕ-ի ուժերի հետ օպերատիվ համատեղելիության բարձրացման նպատակով ՀՀ ԶՈւ կրթական կարիքները: Բացի այդ, նախանշվել են 2015-16թթ. համար համագործակցության հիմնական ուղղությունները և կազմվել է ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության և համագործակցության 2015թ. ծրագրի ճանապարհային քարտեզը: