«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա տեղեկատվությունն՝ ամփոփ.
Մերժում Ուկրաինային. The National Interest
Ուկրաինան չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ այն պատճառով, որ պահանջում է Ղրիմը: Այս մասին հայտնել է The National Interest-ը:
«Ոչ այնքան տարածքային պահանջները, որքան Մոսկվայի հետ ռազմական հակամարտության սպառնալիքը թույլ չի տա ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին (հիմնականում Գերմանիային) ընդունել Ուկրաինային՝ որպես պաշտոնական անդամ»,- գրել է հրատարակությունը:
Ամերիկյան ամսագրի համաձայն՝ Ուկրաինայում հրադադարը պահպանվում է նաև այն բանի համար, որպեսզի չվերսկսվի ռազմական հակամարտությունը: Կարևոր է ամբողջովին փոխել Արևելյան Եվրոպայի վտանգավոր քաղաքական դինամիկան:
The National Interest-ի տեսանկյունից, այդ փոփոխությունները պետք է ներառեն Դոնբասում ԵԱՀԿ դիտորդների ներգրավումը, այդ թվում նաև ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով, ռուսական գազի գնի համաձայնեցումը ԵՄ-ի ակտիվ միջնորդությամբ, ինչպես նաև Ուկրաինայի և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի իշխանության ներկայացուցիչների միջև երկխոսության ապահովումը:
***
Ոստիկանությունը հերթական ուղիղ կապը կհաստատի քաղաքացիների հետ
Ոստիկանության և քաղաքացիների միջև հաստատվող հերթական «Ուղիղ կապի» հյուրը հոկտեմբերի 7-ին կլինի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը:
Մնացական Բիչախչյանին հնարավոր է հարցեր ուղղել ՀՀ քաղաքացու անձնագիր, այդ թվում նաև՝ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, նույնականացման քարտ տրամադրելու, ինչպես և անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
Հարցերն անհրաժեշտ է ուղղել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:
***
Սյունիքում հացը շուրջ 17 տոկոսով կէժանանա
Ըստ Սյունիքի մարզպետարանի կայքի՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հացի արտադրությամբ զբաղվող գործարարների հետ: Աղբյուրը նշում է, որ վերլուծության է ենթարկվել ոլորտի ողջ արտադրական ընթացքը, ալյուրի ձեռքբերումից մինչև հացը քաղաքացիներին հասցնելը:
Քննարկվել են հացի գնագոյացման խնդիրները և քաշի ավելացման արտադրական, տնտեսական հնարավորությունները: Մարզպետի և գործարարների համատեղ քննարկման արդյունքում որոշվել է հացարտադրության մեջ ներկայումս ֆիքսված հացի 500 գրամի դեպքում 240 դրամ հարաբերակցությունը փոխել, դարձնելով 600 գրամ հացի դիմաց 240 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի այսօրվանից:
Ինչ որ խիստ լռություն է թեմայի շուրջ: Այն, որ Սյունիքում հացը շուրջ 17 տոկոսով էժանանում է՝ հայրենասերներին ու Ֆեյսբուքի խրոխտ քարոզիչներին ընդհանրապես չի հետաքրքրում: Այս տեղեկությունը այնքան աննկատ մնաց, որ ուղղակի զարմանալի է: Ոչ մեկը արդարության համար չնշեց, որ չնայած այսքան աղմուկին՝ աննախադեպ բան է արվել Հայաստանում: Ոչ մեկի մոտ չի կարող կասկած լինել, որ սա մարզպետի նախաձեռնությամբ և վերահսկողությամբ է արվում:
Մի քիչ օբյեկտիվ եղեք, վատը որ ասում եք՝ լավն էլ ասեք: Թե չէ սկսում եմ լրջորեն կասկածել, որ յուրաքանչյուր ձեր պայքարի տակ անձնական շահն է դրված:
Արամ Հակոբյան
***
Կմասնակցի՞ Գագիկ Ծառուկյանը հանրահավաքին
Խոսակցությունները հոկտեմբերի 10-ին նախատեսվող հանրահավաքին Գագիկ Ծառուկյանի մասնակցության մասին չեն դադարում: Թեև եռյակը դեռևս չի հաստատել կուսակցությունների առաջին դեմքերի մասնակցության փաստը հանրահավաքում, այնուամենայնիվ, մամուլի հրապարակումների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանն այդ հանրահավաքին չի մասնակցի:
Լուրեր.com-ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ ինքը դեռևս տեղյակ չէ՝ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի հանրահավաքին, թե ոչ:
«Այս պահի դրությամբ ես դեռևս հստակ պատասխան չունեմ Ձեր հարցին: Մասնակցության վերաբերյալ ես ասել եմ, որ որևէ խնդիր չկա և չի տեսնում Գագիկ Ծառուկյանը, բայց այս պահի դրությամբ դեռևս տեղյակ չեմ՝ պարոն Ծառուկյանը կմասնակցի, թե ոչ»,- ասաց նա:
***
Նեպալում առնվազն 29 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
Նեպալում առնվազն 29 մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ լեփլեցուն ավտոբուսը լեռնային նեղ ճանապարհից ընկել Է անդունդը: Մի քանի տասնյակ ուղեւորներ վերքեր են ստացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես նշում Է տեղական ոստիկանությունը, ավտոբուսում գտնվում Էր առնվազն հարյուր մարդ, որոնց մեծամասնությունն ուղեւորվում Էր Նեպալի խոշորագույն հինդուիստական տոնին՝ Դաշայնին:
Ողբերգությունը տեղի Է ունեցել Նեպալի Հեռավորարեւմտյան տարածաշրջանում, որը հայտնի Է նաեւ որպես Դոտի, մայրաքաղաք Կատմանդուից 800 կիլոմետր հեռավորության վրա:
Տարեկան հիմալայան այս պետության ճանապարհներին շուրջ մեկուկես հազար մարդ Է զոհվում:
***
ԱՄՆ-ը «Իսլամական պետության» դեմ պայքարում 1,1 մլրդ դոլար Է ծախսել. Պենտագոն
Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորման դեմ պայքարն ԱՄՆ-ի զինվորականների վրա նստել Է արդեն 1,1 մլրդ դոլար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները հրապարակել Է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:
Հաշվարկը կատարվել Է հունիսի կեսից ի վեր ընկած ժամանակաշրջանում, երբ Վաշինգտոնն սկսեց զինվորական մասնագետների ուղարկել Իրաք՝ տեղական զորքերին կոնսուլտատիվ օգնություն ցուցաբերելու եւ երկրում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներին պաշտպանելու համար: Հաշվետվության համաձայն՝ 62 միլիոն դոլար ծախսվել Է այն ավիահարվածների վրա, որոնք իրականացվել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գործողությունների շրջանակներում, ինչպես նաեւ «Թոմահավք» թեւավոր հրթիռների արձակման համար:
Իսկ ըստ ընդհանուր գնահատումների՝ Պենտագոնը Սիրիայում եւ Իրաքում օրական ծախսում Է մինչեւ 10 մլն դոլար՝ սկսած հունիսից: Թիվն ավելացել Է աստիճանաբար՝ հարվածների ինտենսիվության աճի եւ ԱՄՆ-ի կողմից իրականացվող գործողության գոտու ընդլայնման համեմատ:
Պենտագոնի նախկին ղեկավար Լեոն Պանետան կարծիք Է հայտնել, որ «Իսլամական պետության» դեմ պատերազմը, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի սխալների պատճառով, կարող Է տեւել 30 տարի: Պանետան քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի որոշումները, որոնք նա ընդունել Է վերջին երեք տարում: Նրա կարծիքով՝ 2011 թվականին Իրաքից զորքերի դուրսբերումը «վակուում» ստեղծեց անվտանգության առումով, իսկ երկրում զինյալների թիվը զգալիորեն ավելացավ:
Բացի այդ, Պանետան կշտամբել Է Օբամային այն բանի համար, որ նա չանսաց 2012 թվականին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդներին զինելու Հիլարի Քլինթոնի եւ ԿՀՎ-ի ղեկավարի կոչերին: Պանետայի կարծիքով՝ սիրիական հակամարտությանն ԱՄՆ-ի նման մասնակցությունը կարող Է կանխել «Իսլամական պետության» զինյալների ուժեղացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
***
Դանակահարություն՝ Ստեփանավանում
Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Վլադիմիր Կ.-ն և 1998 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Երիտասարդական փողոցի վերջնամասում, վիճաբանության ժամանակ, 1971 թ. ծնված Արմեն Ղ.-ն դանակով հարվածել է նրանց:
Վլադիմիր Կ.-ին և Ռոբերտ Մ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 01.20-ին, Արմեն Ղ.-ն կամավոր ներկայացել է բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն:
Արմեն Ղ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
***
Արզումանյան փողոցում «ՎԱԶ-2170»-ը վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու
«ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 6-ին' ժամը 19.00-ին, Երևանի Արզումանյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ոստիկանության աշխատակիցը վկային ստիպել է կեղծ ցուցմունք տալ. ՀՔԾ
Քաղաքացի Լարիսա Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում Տիգրան Ն.-ին ծանր մարմ նական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ' ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վկա Լարիսա Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության' պետական հատուկ ծառայություն իրականացնող անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, գործի իրական հանգամանքները խեղաթյուրելու նպատակով իրեն հորդորել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ գործով մեղադրյալ Մխիթար Ն.-ի' տուժող Տիգրան Ն.-ին դանակահարելու նախնական դիտավորություն ունենալու վե րաբերյալ, այնուհետև սպառնացել է, որպեսզի Լարիսա Հ.-ն լրացուցիչ հարցաքննությունների ընթացքում պնդի նախկինում տված իրականությանը չհամապատասխանող իր ցուցմունքը: Կատարվում է նախաքննություն:
***
ՃՈ պետ Արսեն Գալստյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Վերջինիս խոսքով՝ Գալստյանն աշխատանքից ազատվել է «ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում»:
Նշենք, որ արդեն հայտնի է Ճանապարհային ոստիկանության նոր պետի անունը. ՃՈ նոր պետ է նշանակվել Արտակ Հարությունյանը:
***
Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. տուժածի վիճակը ծանր է
Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Արգավանդ գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Իսակովի պողոտայի թիվ 48/22 շենքի մոտակայքում «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 33 TL 328 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:
***
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն առաջին անգամ այցելել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտի
Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պաշտպանության նախարար առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 7-ին եղել է մարտական հենակետերում, տեղում ծանոթացել հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում մարտական հերթապահություն իրականացնող հայ դիրքապահների մարտական առօրյային:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը սպառիչ տեղեկություններ է ներկայացրել սահմանագոտում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների և հայկական կողմից ձեռնարկվող կանխարգելիչ գործողությունների վերաբերյալ:
Զորամիավորման հրամանատարը, պատասխանելով Նիկոլայ Բորդյուժայի և Սեյրան Օհանյանի հարցերին, ներկայացրել է նաև մարտական հերթապահության ընթացքը:
Այցելության ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ծանոթացել է նաև հայ դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին, թիկունքային ապահովմանը, մարտական ծառայության առանձնահատկություններին:
ԶԼՄ-երի հետ կայացած ճեպազրույցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդրադառնալով սահմանագծում տիրող իրավիճակին, նշել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է և իր այցելության նպատակն էլ հենց սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույց կազմելն է:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն առաջին անգամ էր այցելել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտի: Ողջունելով Նիկոլայ Բորդյուժայի այդ քայլը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ նմանօրինակ այցելությունները ևս մեկ անգամ հավաստում են, որ ՀԱՊԿ ղեկավարությունը հետաքրքրված է ՀԱՊԿ անդամ պետություններում տիրող իրավիճակով, և այսպիսի այցելությունների արդյունքում է, որ ձևավորվում են ընդհանուր տեսակետներ` իրավիճակից բխող հնարավոր քայլերը և դրանց հաջորդականությունը որոշելու առումով:
***
Ֆիննախը փոփոխություններ է առաջարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքում
ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծ, որով ՓՄՁ-ների համար մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 9-ի նիստի օրակարգում:
«Խնդիրը կայանում է նրանում, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:
Մասնավորապես, առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են վերոնշյալ անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդները և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմիններին, ինչը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների ծավալներով, ինչպես նաև ապրանքային մնացորդների ձևանմուշի լրացման հմտությունների պակասով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 6-ին հանձնարարել էր ֆինանսների նախարարին'
ա. Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:
բ. Քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման և այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ: