Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և քաղաքացիությունը դադարեցնելու կապակցությամբ կազմվել և ընթացք է տրվել 10 հազար 685 քաղաքացիության գործի: Այս մասին հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը՝ ներկայացնելով 2014թ. հունվար-սեպտեմբերին վարչության կատարած աշխատանքները:
«Դրանցից 9017-ը եղել են քաղաքացիություն ձեռք բերելու, իսկ 1668-ը՝ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել 11 հազար 602 գործի. 10 հազար 599-ը դիմել էին քաղաքացիություն ձեռք բերելու, 1003-ը՝ դադարեցնելու նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Սարդարյանը:
Նշված ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացիներին տրվել է ՀՀ մուտքի 119 հազար 442 արտոնագիր՝ նախորդ տարվա 100 հազար 943-ի դիմաց: Տրվել է նաև 2 հազար 805 կացության կարգավիճակ' 2013թ-ի 3 հազար 274-ի դիմաց: Ձևակերպվել է օտարերկրյա քաղաքացիների ՀՀ հրավերի 230 թույլտվություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 285-ի դիմաց: