Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կայացել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողների երդման հանդիսավոր արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ավանդույթի համաձայն' Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողները մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում երդվում են հավատարիմ մնալ ուսուցչի մասնագիտությանը: Այս տարի շուրջ 1200 ուսանող կզինվորագրվի այն մեծ բանակին, որի առաջին ուսուցիչը եղել է Մեսրոպ Մաշտոցը, ում վեհ գաղափարներով մեր նախնիները հանուն լուսավոր ապագայի պայքարել են խավարամտության դեմ:
Երդմնառության արարողությունը սկսվել է Տերունական աղոթքով, ապա ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ներկաներին է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնանքը:
Առաջին կուրսեցիներին ողջունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ՀՊՄՀ ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Արմեն Էլբակյանը, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առաջին կուրսեցիներին ուղղված իր շնորհավորական ելույթում նշել է, որ թեպետ հաճախ է ներկա գտնվել երդման արարողությունների, բայց ապագա ուսուցիչների, մանկավարժների երդումն առանձնահատուկ խորհուրդ ունի մեր ժողովրդի համար: Սեյրան Օհանյանը մասնավորապես կարևորել է ուսուցիչների դերն ապագա զինվորի, հայրենիքի պաշտպանի, Հայաստանի Հանրապետության ապագա քաղաքացիների դաստիարակության գործում:
Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն էլ խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ նմանօրինակ կարևոր միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են եկեղեցին և ազգային բանակը ներկայացնող պատվարժան հյուրերը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև համալսարանի երեք ուսանողներ, ովքեր ներկայումս հայոց բանակի ժամկետային զինծառայողներ են: Եվ տոնական օրվա առթիվ նախարարը նրանց եռօրյա արձակուրդ է շնորհել:
Երդմնառության հանդիսավոր արարողությունն ամփոփվել է տոնական համերգով, որի ընթացքում երաժշտական կատարումներով է հանդես եկել նաև ՀՀ ՊՆ «Զորական» համույթը: