Հայաստանը պետք է զբաղվի գենդերային հիմնախնդիրներով եւ օրենք ընդունի ընտանեկան բռնության դեմ: Տեսակետը Հայաստանում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ԵԽ պաշտոնյան նշում է, որ գենդերային հավասա րության հետ կապված հարցը լուրջ հիմնախնդիր է:

 

Մուիժնիկսը հատկապես երկու հարց է բարձրացնում' ընտանեկան բռնություն եւ սեռով պայմանավորված հղիությունների ընդհատում: «Հայաստանում ավելի շատ տղա է ծվում, քան աղջիկ: Համամասնությունը շատ է խախտված, եւ այդ խնդիրը դառնում է շատ մտահոգիչ: Սեռով պայմանավորված հղիությունների ընդհատում է տեղի ունենում: Այս առումով պետք է ձեռնարկվեն միջոցառումներ, պետք է հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրանա, որպեսզի տարեկան Հայաստանում մի քանի հազար աղջիկ դեռ չծնված չմահանան»,- ասաց Նիլս Մուիժնիկսը:

 

ԵԽ պաշտոնյայի ներկայացամբ, ընտանեկան բռնությունը մեծ պրոբլեմ է նաեւ Եվրոպայում, սակայն, ի տարբերություն Եվրոպայի, Հայաստանում ընտանեկան բռնության դեմ արձագանքն այնքան էլ համաչափ չէ: «Բռնությունն անընդունելի է եւ բռնություն իրականացնողները ընտանիք են ավերում:

 

Հայաստանը պետք է միանա Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային: Սա կօգնի բարելավել ներպետական օրենսդրությունն ու առանձին օրենք ընդունել ընտանեկան բռնության համար»,- ասաց Նիլս Մուիժնիկսը:

 

Հայաստանում հնգօրյա այցելության ընթացքում Նիլս Մուիժնիկսը հանդիպել է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, կառավարության անդամներին, ոստիկանապետին, դատական համակարգի ներկայացուցիչներին, խորհրդարանականներին եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: