«Եռյակի» հրավիրած հանրահավաքին ելույթով հանդես եկավ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Ո՞նց եք ժողովուրդ», «Լավ ենք» արձագանքեցին հավաքվածները:
«Որ լավ լինեիք ես այստեղ ի՞նչ գործ ունեի, եկեք ճիշտ խոսենք, վատ որ չլինեիք, տուն, այգի թողած այստեղ չէիք հավաքվի:
Սիրելի հայրենակիցներ, հարկ եմ համարում կատարել որոշակի հստակեցումներ, ինչի անհրաժեշտությունն առաջացել է անհեթեթ ասեկոսների հետևանքով:
Մինչ այժմ քառյակն ընդամենն ընդդիմադիր ուժերի դաշինք էր, որը հսկայական աշխատանք կատարեց թե՛ ԱԺ-ում, թե՛ ռեժիմի հանցավոր գործողությունները բացահայտելու, թե՛ հասարակական կարծիք ձևավորելու գործում:
Քառյակին միացել են հսկայական զանգվածներ, ընդդիմադիր ուժերի համագործակցությունը վերածվել է համաժողովրդական շարժման՝ իր առջև դրված արմատական խնդիրներով:
Նորաստեղծ շարժումը ղեկավարում են ԲՀԿ, ՀԱԿ, ՀԺԿ, «Ժառանգություն» կուսակցությունները: Շարունակելով մեզ հետ խորհրդարանական մակարդակում համագործակցությունը՝ համաժողովրդական շարժմանը ՀՅԴ-ն մաս չի կազմում. նրանց որոշմանը մենք հարգանքով ենք վերաբերվում:
Հրաշալի քառյակը շարունակում է մնալ նույնքան հրաշալի քառյակ:
Հակառակ հորինված բամբասանքների ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանն այս շարժման հետ որևէ առնչություն չունեն: Եթե նրանք ունեն ցանկություն սարգսյանական ռեժիմի դեմ պայքարելու, մեզնից անկախ կամ մեզ հետ զուգահեռ թող պայքարեն ռեժիմի դեմ, մենք նրանց չենք խանգարի, անգամ շնորհակալ կլինենք:
Մենք առաջիկա զանգվածային միջոցառումների ընթացքում չենք անդրադառնա աշխարհաքաղաքական գործընթացներին ես արդեն ասել եմ, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին այլևս անշրջելի իրողություն է:
Այդ առթիվ, երեք տասնյակ մարդկանց ջղաձգումներն արդեն հասնում են զավեշտի»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Անդրադառնալով ոստիկանապետի այն հայտարարությանը, որ ընդդիմության համար ունեն «սառը ցնցուղ», Տեր-Պետրոսյանն ասաց. «Անկարգություններ, սառը ցնցուղ, նոր Մարտի մեկ, այս սպառնալիքներն անտեղի են: Շարժումը հաստատակամ է գործելու օրենքի ու սահմանադրության շրջանում՝ հանրահավաքներ, երթեր, նստացույցներ:
Նկատի ունենալով այս ամենը հորդորում եմ տուրք չտալ իշխանական սադրանքներին, չզբաղվել ինքնագործունեությամբ, շարժվել բացառապես շարժման ցուցումներով:
Մենք ձեռնարկել ենք նոր գործ, որը լրջագույն պատասխանատվություն է պահանջում»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Վերջինս հավելեց նաև, որ վարչախմբի հանդեպ, իշխանության ներկայացուցիչների հանդեպ անձնական հայհոյանքներ չեն հնչելու, նրանց հետ խոսելու են քաղաքական լեզվով.
«Եթե գող է, ասելու ենք՝ գող, եթե կաշառակեր է, ասելու ենք՝ կաշառակեր, տգետ է՝ ասելու ենք տգետ, եթե մարդասպան է, ասելու ենք՝ մարդասպան»,- ասաց Տեր-Պետրոսյանը: