Գերմանիայի տնտեսական հարաբերությունների և արտահանման վերահսկողության դաշնային գրասենյակի (BAFA), Լեհաստանի, Շվեդիայի, Ռումինիայի և Բուլղարիայի ԱԳՆ-ների փորձագետ-ներկայացուցիչները հոկտեմբերի 7-9-ը Հայաստանում էին՝ ռազմական նշանակության արտադրանքի (ՌՆԱ) արտահանման վերահսկողության ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման և միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացմանը նվիրված համաժողովին մասնակցելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 7-8-ը անցկացված ՌՆԱ ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործմանը նվիրված աշխատանքային քննարկումներին և հոկտեմբերի 8-ին միջգերատեսչական համագործակցության ամրապնդման խնդիրների նվիրված համաժողովին մասնակցել են ՀՀ պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, ԱԱԾ և ոստիկանության ներկայացուցիչներ:
Գերմանիայի տնտեսական հարաբերությունների և արտահանման վերահսկողության դաշնային գրասենյակի և ԵՄ անդամ պետությունների փորձագետ-ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային օրենսդրության կատարելագործման և միջգերատեսչական համագործակցության ամրապնդման հարցեր, ներկայացվել է եվրոպական երրկների փորձը ՌՆԱ արտահանման հսկողության ոլորտում: Կարևորելով անցկացված քննարկումները և փորձագետ-ներկայացուցիչների աշխատանքը՝ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի և համագործակցության համար: