Յուրաքանչյուր աղջիկ, անկախ նրանից, թե որտեղ է ծնվել, պետք է հնարավորություն ունենա իրացնելու իր ներուժը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին նշում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱՀԲ) գործադիր տնօրեն Բաբատունդե Օսոտիմեհին' Աղջիկների միջազգային օրվան նվիրված իր ուղերձում:
«Այսօր' Աղջիկ երեխաների միջազգային օրը, ես միանում եմ ամբողջ աշխարհի բոլոր մարդկանց, ովքեր հավատում են, որ դեռահաս աղջիկները պետք է ապրեն բռնությունից և խտրականությունից զերծ: Յուրաքանչյուր աղջիկ արժանի է այս աշխարհ գալիս դիմավորվել նույն ուրախությամբ և տոնական տրամադրությամբ, ինչպես տղաները: Յուրաքանչյուր աղջիկ ունի կյանքի և արժանապատվության իրավունք: Ամեն աղջիկ ունի կրթության իրավունք, այդ թվում' համապարփակ սեռական դաստիարակության, նաև սովորելու և կարեցածի չափով ուշիմ լինելու:
Յուրաքանչյուր աղջիկ ունի առողջության, այդ թվում' սեռական և վերարտադրողական առողջության իրավունք: Սակայն այդ իրավունքներն աշխարհում շարունակում են խախտվել զանգվածաբար և համակարգային ծավալներով»,- նշել է ՄԱՀԲ-ի գործադիր տնօրենը:
Ըստ նրա քայլեր պետք է ձեռնարկել, քանի որ զարգացող երկրներում ամուսնացած մոտ 70 մլն 20-24 տարեկան երիտասարդ կանայք ամուսնացել են մինչև 18 տարեկանը: Ամեն տարի երեք միլիոն աղջիկ երեխա, որոնց մեծամասնությունը 15 տարեկանից երիտասարդ է, սեռական օրգանների խեղման է ենթարկվում:
Օսոտիմեհինի խոսքով' ՄԱՀԲ-ը քայլեր է անում դեռահաս աղջիկների առողջությունը և իրավունքները պաշտպանելու համար: Համապարփակ սեռական դաստիարակության, սեռական և վերարտադրողական առողջության շուրջ խորհրդատվության, տեղեկատվության և ծառայությունների մատուցման, երիտասարդների մասնակցության միջոցով ՄԱՀԲ-ն աշխատում է պաշտպանել դեռահաս աղջիկների մարդու իրավունքները:
Հիմնադրամն աշխատում նաև տղաների հետ, որպեսզի նրանք դառնան արական սեռի առաջին սերունդը, որը ոչ գործելու և ոչ էլ հանդուրժելու է կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը: