Ավանդույթի համաձայն' Երևանի ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ լվացվում ու մաքրվում են նաև մայրաքաղաքի արձանները: Այդ գործին, ինչպես միշտ, ակտիվորեն մասնակցել են երևանյան կրթօջախների սաներն ու երիտասարդ կամավորները:

 

Կամավորների շրջիկ խմբերը ժամը 11:00-ից լվացել են Երևանի կենտրոնական զբոսայգիներում ու փողոցներում տեղադրված արձանները: Այս աշխատանքներում տեխնիկական և մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերը:

 

Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի, Վարդան Մամիկոնյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Ալեքսանդր Թամանյանի, Արամ Խաչատրյանի, Հովհաննես Բաղրամյանի և այլ մեծերի հուշարձանները լվանալուն զուգահեռ, նմանատիպ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Հատուկ տեխնիկայի օգնությամբ պատշաճ տեսքի են բերվել նաև Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, Գայի և Հայկ Նահապետի բարձրադիր արձանները: