Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության հարյուր հազարավոր աշխատակիցներ են մասնակցել իրենց աշխատավարձը չբարձրացնելու՝ կառավարության որոշման դեմ կազմակերպված գործադուլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պատմության մեջ առաջին անգամ գործադուլին, որի պատճառը անկախ փորձագետներին անսալու եւ բոլոր բուժաշխատողների աշխատավարձերը 1 տոկոսով բարձրացնելու՝ կառավարության մերժումն Է, միացել են մանկաբարձուհիները:
Բողոքի ակցիան սկսվել Է առավոտյան ժամը յոթին եւ շարունակվել Է չորս ժամ: Այդ ժամանակի ընթացքում գործադուլավորներն ամբողջ Անգլիայում աշխատելու փոխարեն պիկետների են կանգնել հիվանդանոցների մոտ: Գործադուլին մասնակցել են մի քանի արհմիություններ, այդ թվում՝ այն արհմիությունները, որոնք ներկայացնում են բուժքույրերի, պարաբժիշկների, շտապ օգնության եւ հիվանդանոցների ընդունարանների աշխատակիցների շահերը, ինչպես նաեւ Մանկաբարձների թագավորական քոլեջը: Բողոքի ակցիան պաշտպանել Է շուրջ 400 հազար մարդ:
Հիվանդների բոլոր ոչ շտապ այցերը հետաձգվել են, բոլոր ծանր հիվանդներին բժիշկները գործադուլի ընթացքում սպասարկել են սովորական ռեժիմով: Շտապ օգնության աշխատանքում ներգրավել են զինվորականների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: