Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին նախկին հարսին՝ Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնին, թույլատրել է 55-ամյակը տոնել Վինձորյան դղյակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Express թերթին:

 

Միջոցառումը նշանակված է հոկտեմբերի 15-ին և Յորքի դուքս Էնդրյուի նախկին կնոջ վրա կնստի 55 հազար ֆունտ (88,5 հազար դոլար): Սպասվում են շուրջ 300 հյուրեր, այդ թվում՝ արքայազն Հարրին և նրա ընկերուհին՝ Քրեսիդա Բոնասը:

 

Ինչպես նշել է թերթը, Ֆերգյուսոնի նկատմամբ բարի կամքի նման թագավորական դրսևորումն անակնկալ է դարձել բարձրաշխարհիկ հասարակության համար: Դքսուհին շնորհազրկվել էր մի ամբողջ շարք աղմկահարույց սկանդալների հետևանքով:

 

1996 թվականին միապետի միջնեկ որդու նախկին տիկինն զգալի ֆինանսական դժվարություններ է կրում և բաց չէր թողնում Յորքի դքսի անունն օգտագործելու և դրանով մի երկու հարյուր հազար ֆունտ վաստակելու առիթը: Ֆերգյուսոնը բազմիցս փողեր է վերցրել գործարարներից նախկին ամուսնու կողմից օգնություն խոստանալու փոխարեն, որը մինչև 2011 թվականը Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչն էր արտաքին առևտրի և ներդրումների բնագավառում:

 

Ֆերգյուսոնի հյուրերի ցուցակը ներառում է թագավորական ընտանիքի անդամների, այդ թվում՝ արքայազն Էնդրյուին և իրենց երեխաներին՝ Բեատրիսին և Եվգենիային, թագուհու կրտսեր որդուն՝ արքայազն Էդվարդին՝ տիկնոջ՝ Սոֆիի հետ: Սպասվում են նաև Եղիսաբեթ Բ-ի թոռնուհի Զարա Թինդալը (Ֆիլիպսը) և նրա ամուսինը՝ Մայքը: Հրավեր է հղվել նաև արքայազն Ուիլյամ Ուելսցուն՝ տիկնոջ՝ Քեթրինի հետ, բայց նրանք չեն կարող ժամանել հղի Քեմբրիջի դքսուհու վատ ինքնազգացողության պատճառով:

 

Հրավիրված հռչակավոր անձանց թվում են սըր Էլթոն Ջոնը և նրա ընկերը՝ Դևիդ Ֆեռնիշը, երգիչ Ռոբի Ուիլյամսը՝ կնոջ հետ, բրիտանացի արտասովոր գործարար Ռիչարդ Բրենսոնը, սուպերմոդելներ Նաոմի Քեմպբելը և Քեյթ Մոսը, ամերիկացի մոդելագործ Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը:

 

Չնայած ամուսնալուծությանը, Էնդրյուն եւ Սառան բարեկամական շատ լավ հարաբերություններ են պահպանում, եւ, ինչպես պնդում է նախկին տիկինը, «իրենք ամենաերջանիկ ամուսնալուծված զույգն են աշխարհում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: